Կարող ենք և՛ համագործակցել իշխանության հետ, և՛ լինել ընդդիմադիր, առաջնայինն ազգային շահն է․ Վարուժան Ավետիսյան
«Սասնա ծռեր» կուսակցությունը պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ այս պահին մշակվում է նախըտրական ծրագիրը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը։ Նա վստահեցրեց, որ իրենք մինչ քարոզարշավի մեկնարկը պատրաստ կլինեն, սակայն դեռևս մանրամասներ չներկայացրեց։
Ինչ վերաբերում է քաղաքական դաշտում իրենց դիրքավորմանն, Ավետիսյանը նշեց, թե այս պահին չեն կարող ասել՝ ինչ դիրքորոշում կլինի, քանի որ ամեն բան կապված է հետագա զարգացումներից։ Ավետիսյանը չբացառեց, որ իրենք հետագայում կարող են հանդես գալ ընդդիմադիր դիքերից, միևնույն ժամանակ շեշտեց, թե կարող են նաև սերտ համագործակցել իշխանության հետ։
«Չեմ հերքում, որ մենք կարող են դառնալ ընդդիմություն, բայց միշտ ասել ենք, որ շատ տուրբուլենտ ժամանակաշրջան է, դեռ պարզ չէ, թե ինչ կոնֆիգուրացիաներ կձևավորվեն թե՛ մինչ ընտրությունները, թե՛ ընտրություններից հետո։ Հիմա դժվար է կանխատեսումներ անել, մենք ինչ գիտենք, թե վաղը երկրում ինչ իրավիճակ է լինելու, այդ երկրի շուրջ ինչ իրավիճակ է լինելու, այդ իրավիճակն ինչ մարտահրավերներ է տալու և այլն։ Ամեն առումով անցումային վիճակի մեջ ենք, բնական է, դրա համար էլ դասական առումով կիրառվող գործողությունները չեն արվում։ Հավատացնում եմ՝ որևէ դիրք բռնելու քաջության պակասից չէ, որ այսպես ենք ասում, պարզապես լրջորեն վերլուծում ենք իրավիճակը»,- ասաց նա։
Ավետիսյանը դժվարացավ ասել՝ արդյոք քարոզարշավին ներկայիս իշխանության նկատմամբ սուր քննադատություն կլինի, թե՝ ոչ։ Ըստ նրա՝ քարոզարշավն էլ կապված է իրավիճակից, քանի որ իրենց համար առաջնային է ազգային, այլ ոչ թե կուսակցական շահը և մի քանի մանդատ ավելի վերցնելը։
Հարցին՝ արդեն վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի նշանակումները նախադրյա՞լ չեն, որ դուք ընդդիմադիր դիրք ունենաք՝ հաշվի առնելով այն, որ դուք չեք ողջունում Վալերի Օսիպյանի՝ ոստիկանապետ լինելը, Հունան Պողոսյանի մարզպետ նշանակվել, Վարուժան Ավետիսանը պատասխանեց․ «Նախադրյալներ են, բայց բավարար չեն լրացնում այն ամբողջությունը, որ հնարավորություն տան այդպիսի եզրակացություն անել»։
Վարուժան Ավետիսյանն, արձագանքելով դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ քաղաքական իրավիճակի հանդարտեցումից հետո, կարող է օգտագործվել նաև այն նախկին պաշտոնյաների ռեսուրսը, որոնք կոռումպացված չեն, շեշտեց, որ նախկին իշխանավորները պետք է անպայման անցնեն անցումային արդարադատության միջով։
«Նախկին ռեժիմի ներկայացուցիչները, որոնք բարձր պաշտոններ են զբաղեցրել, այսինքն՝ նրանք, որոնք ամենայն հավանականությամբ մասնակցել են որոշումների կայացմանը կամ ղեկավարել են դրանց կատարմանը, մեր համոզմամբ՝ պետք է անցեն անցումային արդարադատության ատյանով, հայկական Նյուրենբերգով։ Այդ քավարանն անցելուց ու քավարանի որոշումն ունենալուց հետո, երբ կպարզվի, որ իրենք մեղավոր չեն եղել ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության, պետական դավաճանության, իշխանության յուրացման համար, ապա այդ մարդիկ նոր իրավունք կունենան մյուս քաղաքացիների հետ միասին օգտվել հանրային ծառայության մեջ պաշտոններ զբաղեցնելու սահմանադրական իրավունքից»,-ընդգծեց Ավետիսյանը։
Վերջինիս գնահատմամբ՝ եթե ՀՀԿ-ի իշխանության օրոք պաշտոն ունեցած մարդիկ առանց անցումային արդարադատության դառնան պաշտոնյա, անվստահության մթնոլորտը կմնա։ Ավետիսյանի համար ակնհայտ է, որ տեղի են ունեցել այդ հանցագործությունները, բացահայտ է նաև այդ հանցագործությունը կատարած շրջանակը․ «Հայտնի չէ, թե կոնկրետ տվյալ մարդը կատարել է հանցագործություն, թե՝ ոչ, դա պետք է պարզի անցումային դատարանը։ Մինչ սա, նման կադրային քաղաքականությունը մենք կոպիտ սխալ ու խիստ վտագավոր ենք համարում պետականության և առհասակ մեր պետության քաղաքական ապագայի համար»,- շարունակեց նա։
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության համակարգողը խոսեց նաև Վալերիյ Օսիպյանի ու Հունան Պողոսյանի բարձր պաշտոնում նշանակվելու մասին և նկատեց, որ նրանք չեն անցել անցումային դատավարության ատյանով։
«Պողոսյանի ու Օսիպյանի պարագայում ավելի խնդրահարույց է, քանի որ նրանց կատարած հանցագործություններն ակնհայտ են, նրանք կաբինետներում պահմտած մարդիկ չեն եղել, որ ստիպված լինենք փորփրել ու տեսել՝ նման բան կա, թե՝ ոչ։ Կոնկրետ այս 2-ի պարգայում մարդկային ընկալումն այն է, որ նրանք ոճրագործ են, թեև հարգում են անմեղության կանխավարկածը»,- հավելեց Վարուժան Ավետիսյանը։
Անկախ Օսպիյանի ու Պողոսյանի նկատմամբ ունեցած վերաբերմունքից, Վարուժան Ավետիսյանը շեշտեց, որ կոնկրետ այդ մարդկանց իրենք հրաժարական տալու պահանջ չեն ներկայացնի։ Ավետիսյանի խոսքով՝ իրենք նման պահանջ կներկայացնեն միայն Գործադիր մարմինի ղեկավարին։
«Վարչապետին ենք հորդորում ու նրանցից ենք պահանջում, որ այդ մարդիկ հեռացվեն այդ պաշտոններից և նրանց գործունեությունը ստուգվի պետականության և ժողովրդի դեմ կատարած հանցագործությունների համատեքստում։ Այդ անձանց չեն ներկայացնի հրաժարականի պահանջ, որովհետև, մեր համոզմամբ, ոճրագործներ են, և իրենք շատ փոքր են այդ պաշտոնների համար։ Կոնկրետ իրենցից հրաժարական չենք պահանջում, որովհետև իրենցից բարոյականության ակնկալիք չունենք, իսկ հրաժարական տալիս է մարդը, որն ունի որոշակի բարոյական սկզբունքներ»,- եզրափակեց Վարուժան Ավետիսյանը։