Սիրիայի ԱԳՆ-ն ցեղասպանություն է անվանել միջազգային կոալիցիայի գործողությունները Ռաքքայում
Սիրիայի ԱԳՆ-ն ցեղասպանության հետ է համեմատել միջազգային ռազմական կոալիցիայի գործողությունները, որոնց հետևանքով Ռաքքայի մեծ մասն ավերվել է ազատագրման ժամանակ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով սիրիական պետական հեռուստատեսությանը:
«Անհրաժեշտ է պատիժ սահմանել դրա համար», - աղբյուրը փոխանցում է սիրիական արտաքին քաղաքականության գերատեսչության հայտարարությունը: Երկրի ԱԳՆ աղբյուրի խոսքով՝ Սիրիան դատապարտում է կեղծ հայտարարություններն ու ապատեղեկատվության արշավը, որին դասվում է նաև Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունն այն մասին, ինչը գերատեսչությունն անվանել է Ռաքքայի ազատագրում:
Աղբյուրն ընդգծել է, որ ֆրանսիական իշխանությունները մտադրված քայլեր են ձեռնարկում՝ ուղղված Սիրիայի ոչնչացմանը՝ աջակցելով Ռաքքայում գործող խմբավորումներին:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները Ռաքքան գրավել էին 2014-ին, իսկ քաղաքի ազատագրման արշավը 2017-ին սկսել էր «Սիրիական ժողովրդավարական ուժեր» ընդդիմադիր զորամիավորումը՝ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի աջակցությամբ: Կոալիցիան գործել է առանց Դամասկոսի թույլտվության:
Զանգվածային ռմբակոծությունների և ամերիկամետ քրդական ուժերի գործողությունների հետևանքով քաղաքն ամբողջությամբ ավերվել է և մինչ օրս չի վերականգնվել խաղաղ քաղաքացիների բնակության համար:
