Փարիզում Femen-ի կիսամերկ ակտիվիստուհին «գրոհել է» Թրամփի ավտոշարասյունը (լուսանկարներ)
Փարիզում ընթանում են Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառումները, որոնց մասնակցելու նպատակով Ֆրանսիայի մայրաքաղաք են ժամանել աշխարհի բազմաթիվ պետությունների ղեկավարներ:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, միջազգային Femen շարժման կիսամերկ ակտիվիստներից մեկը կարողացել է ճեղքել ոստիկանների կազմած շղթան ու գրոհել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին տեղափոխող ավտոշարասյունը:
Ոստիկանությունը բերման է ենթարկել ակտիվիստուհուն:
Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահն ուղևորվում էր Հաղթական կամարի մոտ, որտեղ արդեն մեկնարկել է հանդիսավոր արարողությունը:
Հավելենք, որ Femen շարժման ակտիվիստները Փարիզի Հաղթական կամարի մոտ ակցիա էին անցկացրել՝ ընդդեմ մի շարք համաշխարհային առաջնորդների՝ Ֆրանսիա կատարելիք այցի: Ակտիվիստուհիները պաստառներ էին պատրաստել՝ «Բարի գալուստ, ռազմական հանցագործներ» և «Պատերազմը խաղաղություն է, ազատությունը՝ ստրկություն, անտեղյակությունը՝ ուժ» գրություններով: Իսկ մարմիններին առկա էին «կեղծ խաղաղասերներ» և «իրական բռնապետներ» գրությունները:
Նոյեմբերի 10-11-ը Փարիզում տոնական միջոցառումներ են անցկացվում ավելի քան 60 երկրի ղեկավարների մասնակցությամբ: