Ակցիա ՔՊ Ապարանի գրասենյակի դիմաց. կուսակցության ակտիվը դժգոհում է ՔՊ տարածքային ցուցակից, նրանց հետ հանդիպել է մարզպետը (թարմացվող)
17:41
Այս պահին ՔՊ-ին անդամագրվածները հանդիպում են Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի հետ: Վերջինս նշել է, որ ցուցակի հետ կապված վերջնական որոշում դեռևս չկա:
16:01
«Քաղաքացիական պայմանագրի» Ապարանի գրասենյակի դիմաց ակցիա են իրականացնում հեղափոխությունից հետո ՔՊ-ին անդամագրվածները, մի շարք ազատամարտիկներ և պարզապես քաղաքացիներ: Նրանք պահանջում են, որ ՔՊ-ը ռեյտինգային ցուցակը չկազմի, իրենց ձևակերպմամբ, առանց ակտիվի հետ քննարկման:
Tert.am-ի հետ զրույցում ՔՊ-ին անդամագրված Արման Շահինյանը նշեց, որ տարածքային գրասենյակն առաջարկել է ցուցակում ընդգրկվելու համար մի շարք անձանց անուններ, սակայն այդ անուններն առանց բացառության մերժվել են:
«Առաջարկել ենք Հովհաննես Հովհաննիսյանի, Վարդան Ղազարյանի, Գոռ Պետրոսյանի և ճանաչված ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանի անունները: Թեև հիմա պատրաստի ցուցակ չկա, բայց շրջանառվում է, որ ցուցակում լինելու է մարզպետը, իր երկու տեղակալները, մեզ անհայտ այլ անձիք: Խնդիրն այն է, որ Ապարանի ակտիվից ոչ մեկի հետ հաշվի չեն նստել, մենք բոլորս վրդովված ենք»,- ասաց նա:
2017 թվականին ՕՐՕ դաշինքով խորհրդարանական ընտրություններին մասնակցած Ռոման Հակոբյանը նշեց, որ Ապարանում ՔՊ տարածքային ցուցակի հետ կապված դժգոհության մեծ ալիք է բարձրանում, քանի որ ապարանցիներին չի տրվում հարթակ, որպեսզի կարողանան քննարկել, թե որպես իրենց ներկայացուցիչ ում են ուզում տեսնել խորհրդարանում:
«Բոլոր լրատվամիջոցներով ՔՊ ներկայացուցիչները հայտարարում են, որ իրենց պետք են պոտենցիալով մարդիկ, երիտասարդ ուժեր, ովքեր կկարողանան խորհրդարանում ձայն բարձրացնել, սակայն նկատվում է տենդենց, որ հիմա էլ է գործում ծանոթ–բարեկամ սկզբունքը»,- նշեց նա:
Ակցիայի մասնակիցներն ընդգծեցին, որ գրասենյակի մոտից չեն հեռանա, մինչև մարզպետը չգա, առավել ևս, որ այցի մասին օրեր շարունակ խոստացել է, և սպասվում է, որ այսօր գալու է ՔՊ գրասենյակ:
Ապարանցիները նշեցին, որ թույլ չեն տալու, որ իրենց փոխարեն որոշումներ կայացնեն այնպես, ինչպես նախկինում է եղել: «Այն ժամանակ Աղվան Հովսեփյանն էր որոշում, հիմա ի՞նչ՝ մեր փոխարեն պետք է մարզպետը և տարածքային կառավարման նախարա՞րը որոշեն»,- եզրափակեցին մասնակիցները: