Մեր իրական շահը մեր երկրի անվտանգության բարձրացումն է, անձի նշանակումը երբևէ երկրիդ շահը չի կարող լինել. Թևան Պողոսյանը` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի մասին
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մանդատի որոշման հարցի հետաձգումը նշանակում է, որ չկա վերջնական լուծում, կոնսեսուս, իսկ ՀԱՊԿ-ում վերջնական որոշումները կայացվում են կոնսենսուսով:
Նա նշեց, որ Հայաստանը շարունակում է բանակցությունները, և միշտ պետք է առաջնորդվենք մեր երկրի շահերով, անվտանգությամբ: «Մեր կառավարությունն ինչպես քաղաքականությունը վարել է թափանցիկ, հիմնավոր, այնպես էլ կներկայացնի այն հիմնավոր տեղեկությունը, որից հանրությանն էլ պարզ կլինի, թե եթե մի տեղ համարվելու է, որ Հայաստանը հետ քայլ է արել, ապա մնացած տեղերում քանի քայլ առաջ ենք կարողացել գնալ»,-ասաց նա և կարևորեց, որ Հայաստանի դեսպանը միշտ կարողանա Հայաստանի շահերը տանել առաջ, մեր ձայնը լսելի լինի:
«Մենք չենք գնացել ՀԱՊԿ միայն նրա համար, որ պետք է գլխավոր քարտուղար ունենանք, հանգիստ վերաբերեք»,-ասաց նա: Դիտարկմանը, թե եթե նույնիսկ կոնսենսուսով է որոշումը կայացվելու գլխավոր քարտուղարի ընտրության հարցում, ապա հաշվի առնելով անդամ երկրների դիտարկումները՝ ի՞նչ կարելի է ակնկալել այս առումով, Թևան Պողոսյանն ասաց.
«Չեմ տիրապետում ներքին բանակցային խնդիրներին, թե ինչ հարցեր են քննարկվել, իմ ակնկալիքը կարող է լինել գլոբալ, որ, ի վերջո, Հայաստանի անվտանգությունն ավելացել է, ինչ-որ երաշխիքներ են եղել, և Հայաստանը շատ ակտիվ ծրագրեր է նախաձեռնել, որոնք նպաստում են մեր անվտանգության բարձրացմանը»,-ասաց նա:
Վերջինս նշեց, որ բոլոր միջազգային կազմակերպությունները հասկանում են, որ ամեն երկիր գալիս է այնտեղ իր շահերով, և շատ ժամանակ շահերի բախում է լինում: «Բանակցությունների վերջնական արդյունքը պետք է լինի Հայաստանի համար պլյուս նշանով Հայաստանի անվտանգության բարձրացման առումով: Հիմա, եթե մենք դրան կհասնենք, ապա անկախ նրանից, թե գլխավոր քարտուղարը 2020 թվականին կփոխվեր, թե օրինակ 2019, երևի կարևոր չէ»,-ասաց նա:
Թևան Պողոսյանը նկատեց, որ նույն գլխավոր քարտուղարը չի կարող միայն Հայաստանի շահերով առաջնորդվել և ստիպված է բոլորի շահերը առաջ բերել: «Մենք մեր շահերով պետք է առաջնորդվենք, թե որտեղ է մեր իրական շահը, միայն մարդ նշանակելու մեջ չէ, անձերի մեջ չէ, մեր իրական շահը մեր երկրի անվտանգությունն է, անձ նշանակելը երբևէ քո երկրի շահը չի կարող լինել»,- ասաց նա:
Հարցին, թե հաշվի առնելով, որ ՀՀ իշխանությունները նշում են, որ ամեն ինչ անելու են, որ քարտուղարի պաշտոնը պահպանվի, և եթե չստացվի, կարող ենք համարել դիվանագիտական դաշտում այս իշխանությունների ձախողումը, Թևան Պողոսյանը պատասխանեց. «Վստահ եմ, որ մարդիկ կլինեն, որ այդպես կգնահատեն, բայց արդյո՞ք մենք գնահատելու ենք միայն դա, թե՞ գնահատելու ենք համակարգված ՀՀ գլխավոր խնդիրը, որը անվտանգությունն է: Այսինքն, եթե ես կարողացել եմ այնպիսի քայլեր անել, որոնց արդյունքում իմ անվտանգությունը հզորացել է, թեև քվոտան մինչև վերջ չեմ շարունակել, հիմա դա հաղթանա՞կ, թե՞ պարտություն եք համարելու»:
Հարցին, թե ըստ ձեզ՝ Հայաստանի անվտանգությունը մեծացել է, և եթե համեմատելու լինենք անվտանգության առումով Հայաստանի շահը ներկայացնելու այս իշխանության քայլերը ինչպես եք գնահատում նախորդ իշխանությունների համեմատ, Թևան Պողոսյանը պատասխանեց՝ վեց ամիսների աշխատանքը գնահատելը անիմաստ է համարում: «Հիմա նոր մարդիկ են, ինչը նշանակում է, որ շատ ժամանակ պետք է սովորեն, նոր մոտեցումներ են, եթե այս ամենը արդյունքներ ունենա, նոր կգնահատեմ»,-ասաց նա: