Եթե դեկտեմբերի 6-ին մենք զիջենք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, դա կլինի կառավարության մեծ ձախողումը. Վիգեն Սարգսյան
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Վիգեն Սարգսյանն այսօր մամուլի ասուլիսին ասաց, որ ճիշտ չի համարում որպես նախկին նախարար այսօրվա ՊՆ-ի աշխատանքներին գնահատական տալ:
«Կարծում եմ, որ մեր զինված ուժերը ինչպես միշտ մարտունակ վիճակում են, պատրաստ են կատարել իրենց գլխավոր խնդիրները: Շատ լավ է, որ կա օպերատիվ կապ ԶՈւ միջև, կարծում եմ, որ նման օպերատիվ կապը կարևոր է, մենք ևս ունեցել ենք նման կապ, պարբերաբար հատուկ կապ ձևավորվել է, երբ եղել է քննարկելու հարց, Պնախարար իմ եղած ժամանակ առնվազն երկու անգամ նման կապ ձևավորվել է»,-ասաց նա և նշեց, որ դա բնականոն գործընթաց է:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի հնարավոր կորցնելուն անդրադառնալով՝ նա ասաց, որ դա ձախողման մեծ ռիսկ է այս պահին: «Կարծում եմ, որ մեր կառավարությունը պետք է ամեն ինչ անի՝ թույլ չտալու գլխավոր քարտուղարի կորուստը: Եթե դեկտեմբերի 6-ին մենք զիջենք այդ պաշտոնը, դա կլինի կառավարության մեծ ձախողումը, և կարծում եմ, որ այդ ռիսկը պարտադիր պետք է հաշվարկվեր քայլեր ձեռնարկելիս»,-ասաց նա և նշեց, որ իրենց կառավարությունն այդ պաշտոնի համար մեծ ջանքեր է ներդրել, և դա մեծ առավելություն էր: