Որևէ դաշինք բացառված է. ՔՊ խոսնակը՝ Արամ Սարգսյանի՝ «ՔՊ-ՀՀԿ» դաշինք կնքելու դիտարկման և արտաքին քաղաքականությունում նույն դիրքորոշումների մասին
Պարզից էլ պարզ է, որ որևէ դաշինք բացառված է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հայտարարությանը, թե Հայաստանի Հանրապետական ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները կարող են դաշինք կնքել, որովհետև այսօրվա դրությամբ գաղափարական առումով նույն հարթության վրա են:
Հարցին, թե ամեն դեպքում գաղափարական առումով արտաքին քաղաքական դաշտում նմանություններ տեսնում է ՔՊ-ի և ՀՀԿ-ի դիրքորոշումների առումով, Վահան Կոստանյանն ասաց. «Կառավարությունը վերջին վեց ամիսներին չի ունեցել արտաքին քաղաքական փոփոխության մանդատ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից և գործել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հանձնառությունից»:
Հարցին, թե ընտրություններից հետո այլ արտաքին քաղաքական ուղղություն է ընտրվելու, նա նշեց, որ այդպես չի ասի: «Այս պահին արտաքին քաղաքականության առումով կարևորագույն ընդգծումը, որ պետք է արվի, այն է, որ միջազգային հարթակում Հայաստանի Հանրապետությունը հանդես է գալիս որպես միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտ և որպես սուվերեն պետություն»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Արամ Սարգսյանի այն դիտարկմանը, թե միջազգային հարթակներում քվեարկում են այնպես, ինչպես Էդվարդ Նալբանդյանը, Վահան Կոստանյանը նշեց, որ ավել մեկնաբանություն չունի:
Հիշեցնենք, որ «Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցություններն ստորագրել են համագործակցության մասին հուշագիր, ըստ որի՝ ԱԺ արտահերթ ընտրություններին կմասնակցեն «Մենք» դաշինքով։