«Հանրապետական» կուսակցությունը հրապարակել է խորհրդի նիստում քննարկված քաղաքական հայտարարության ամբողջական նախագիծը
Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհուրդն այսօր, ինչպես արդեն հայտնել ենք, քննարկել է քաղաքական հայտարարության նախագիծ:
Ինչպես տեղեկացնում են կուսակցության լրատվական ծառայությունից, խորհրդի նիստում ընդհանուր հավանության է արժանացել ներկայացված փաստաթուղթը, որը հրապարակվել է կուսակցության կայքէջում:
Հայտարարությանը կարող եք ծանոթանալ այստեղ: Հայտարարության մեջ ասված է, որ որոշվել է մեկ շաբաթ ժամանակ տրամադրել խորհրդի անդամներին՝ լրացուցիչ առաջարկություններ ներկայացնելու համար: Ներկայացված առաջարկությունները քննարկման կդրվեն կուսակցության գործադիր մարմնի նիստում:
ՀՀԿ գործադիր մարմինն առաջարկությունների քննարկման հիման վրա կհաստատի հայտարարության վերջնական տեքստը:
ՀՀԿ խորհրդի հայտարարության նախագծի որոշման մեջ նշվում է․
1․ Մասնակցել Ազգային ժողովի 2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններին:
2. Հավանություն տալ կուսակցության նախընտրական ծրագրի նախագծին և լիազորել Գործադիր մարմնին` լրամշակել այն՝ համաձայն խորհրդի նիստում հնչեցրած առաջարկների:
3. Հավանություն տալ ընտրական ցուցակի ձևավորման սկզբունքներին և լիազորել Գործադիր մարմնին՝ ձևավորելու և հաստատելու կուսակցության ընտրական ցուցակը:
4. Անմիջապես խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո նախաձեռնել ՀՀԿ արդիականացման գործընթաց: Հատուկ ուշադրություն պետք է դարձվի անդամագրման և անդամների հետ փոխգործակցության մեխանիզմների բարելավման, ինքնաբավ գործունեության համար անհրաժեշտ կուսակցական մեխանիզմների ներդրման, երիտասարդության հետ աշխատանքի որակի բարձրացման, գործունեության գաղափարական հենքերի ուժեղացման, ղեկավար կազմի համալրման մեխանիզմների վերանայման խնդիրներին: Վերը նշված նպատակները քննարկելու և լուծումներ գտնելու նպատակով պլանավորել և խորհրդարանական ընտրություններից կարճ ժամանակ անց անցակցնել կուսակցության համագումար: