Էրդողանը ՄԻԵԴ-ին մեղադրել է կողմնակալ լինելու համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշումը, հայտարարել է, որ ՄԻԵԴ-ը նման կերպ ոչ թե պաշտպանում է ազատությունը, այլ «աջակցում ահաբեկչությանը»:
Էրդողանը խոսել է «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման մասին, որի հետ կապերի համար էլ հենց մեղադրվում է Դեմիրթաշը Թուրքիայում: Ըստ Թուրքիայի նախագահի՝ ՄԻԵԴ-ը կողմնակալ է և չի նկատում այն հանցանքները, որոնք քուրդ գրոհայիններն իրականացնում են Թուրքիայի տարածքում:
«Երթուղային ավտոբուսում ողջ-ողջ այրված մեր աղջկա կամ ընդամենը մի քանի ամիս առաջ իր 11 ամսական երեխայի հետ միասին պայթյունի հետևանքով մահացած կնոջը չցուցաբերված ուշադրությունը ցուցաբերվում է նրանց սպանողների հանդեպ, նշանակում է այստեղ մի խնդիր կա: Ո՞ւր ես, ՄԻԵԴ, դուք այս ամենը չե՞ք տեսնում, սրանց հետ կապված կայացված որևէ որոշում ունե՞ք»,- հայտարարել է Էրդողանը:
Ըստ Թուրքիայի նախագահի՝ իրենց երկրում «լիիրավ ու ազդեցիկ ժողովրդավարություն է տիրում», իսկ Թուրքիային ոչ ժողովրդավարական երկիր լինելու համար մեղադրողներին պարզապես ձեռք չի տալիս իրական ժողովրդավարության հետ առերեսումը:
Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ի կայացրած որոշման համաձայն՝ Դեմիրթաշի կալանավորման համար ներկայացված հիմքերը բավարար չեն, նա պետք է ազատ արձակվի, Թուրքիայի իշխանությունները 10.000 եվրոյի չափով բարոյական և 15.000 եվրոյի չափով դատական ծախսերի փոխհատուցում պետք է վճարեն վերջինիս:
2016թ.-ի նոյեմբերի 4-ին Դիարբեքիրում և Անկարայում ձերբակալվել էր քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության 10-ից ավելի անդամ, այդ թվում` կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը: ԺԴԿ պատգամավորներին մեղադրում են ՔԱԿ խմբավորման հետ կապեր ունենալու համար:
ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը:
Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը:
