Փաշինյանն ու Պուտինը քննարկել են գազի գնի հարցը, սակայն պայմանավորվածություն ձեռք չի բերվել․ Բաղրամյան
Դիտարկմանը, որ գազի մատակարարման պայմանագրի գործողության ժամկետն ավարտվում է դեկտեմբերի 31-ին, Բաղրամյանն արձագանքեց․ - «Պայմանագրի ավարտվելը տենց խնդիր չի, որովհետև ինքը կերկարաձգվի էնքան ժամանակ, մինչև բանակցությունները կավարտվեն: Որովհետև դրանք բավականին ծանր և երկարատև ժամանակ պահանջող բանակցություններ են: Քանի դեռ պայմանավորվածության չկա, կմնա այն, ինչ որ ունենք էսօր: Պայմանագիրը ավտոմատ երկարաձգվելու ա, նենց չի, որ հունվարից գազ չենք ստանալու: Գինը կլինի էն ժամանակ, երբ որ բանակցությունները կավարտվեն»:
Բաղրամյանն ասաց, որ թե բանակցությունները չավարտվեն մինչև հունվարի 1-ը, գործող գինը կպահպանվի:
Այն, որ Ռուսաստանում գազն ավելի էժան է, քան Եվրասիական տնտեսական միության այլ երկրներում, ուր չկան նավթի ու գազի պաշարներ, ինչպես, օրինակ, Բելառուսն է կամ Հայաստանը, դեկտեմբերի 6-ին կայացած ԵԱՏՄ սանկտպետերբուրգյան գագաթնաժողովում դարձավ քննարկման առարկա: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դիմելով Պուտինին՝ հայտարարեց, թե ռուսական գազի գինը Բելառուսի սահմանին արժե հազար խորանարդ մետրը 130 դոլար, մինչդեռ Բելառուսին սահմանակից Ռուսաստանի Սմոլենսկի նահանգում 70 դոլար: «Ինչպե՞ս մրցակցել»,- հարց բարձրացրեց Լուկաշենկոն:
Հայաստանի սահմանին ռուսաստանյան գազն ավելի թանկ է՝ 150 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց: Իսկ բնակարաններում մենք վճարում ենք մոտ երկու անգամ ավելի բարձր՝ 285 դոլար:
«Ազատության» հարցին, թե արդյոք չի ստացվում, որ հայաստանցի արտադրողները ոչ հավասար պայմաններում են, Գարեգին Բաղրամյանը պատասխանեց․ - «Նույն տիպի արտադրողներ են, ինչ որ Ռուսաստանում: Բնականաբար, իրանց մոտ ավելի գնային խնդիր կլինի էդ մասով: Դա այնքան տրիվիալ ա, որ պետք չի էդ հարցը տալ: Բայց եթե էդ արտադրողն ունի ավելի բարձր տեխնոլոգիաներով և ավելի արդյունավետ սարքավորումներ, այդտեղ արդեն պետք ա հաշվել և հասկանալ»:
«Ազատության» հաջորդ հարցին, թե արդյոք իրենք ռուսաստանցի գործընկերների առջև բարձրացնում են այն հարցը, որ երկրները նույն մաքսային դաշտում են, բայց ոչ հավասար պայմաններում, Բաղրամյանն արձագանքեց․ - «Մաքսային միության սահմաններում բոլոր մասնակիցները պետք է ստանան ոչ կտրական կոմունիկացիաներ այդ բնական մենաշնորհներին: Բնականաբար, եթե դու գտնվում ես էդ աղբյուրի կողքին և էդ ճանապարհը, որը ծախսվում ա էդ գնի ձևավորման վրա, պետք ա ավելանա: Դրա համար այլ լուծումներ պետք ա գտնես քո տեխնոլոգիաների և այլնի զարգացման համար»: