Բելգիայի թագավորը չի ընդունել երկրի վարչապետի հրաժարականը
Բելգիայի թագավոր Ֆիլիպը չի ստորագրել վարչապետ Շարլ Միշելի հրաժարականի դիմումը:
Թագավորական պալատից հայտնել են, որ թագավոր Ֆիլիպն ընդունել է Բելգիայի վարչապետին, սակայն հետաձգել է հրաժարականն ընդունելու որոշումը: Նման դեպքերում թագավորը որոշումից առաջ խորհրդակցություններ է անցկացնում երկրի առաջատար կուսակցությունների հետ:
ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Լակեն պալատում թագավորի և վարչապետի հանդիպումը տևել է մոտ 15 րոպե, որից հետո կառավարության ղեկավարը հեռացել է՝ առանց լրագրողների հետ խոսելու:
Հիշեցնենք, որ Բելգիայի վարչապետ Շարլ Միշելը պաշտոնից հրաժարական տալու մտադրության մասին հայտարարել էր երկրի խորհրդարանում՝ վարչապետին անվստահություն հայտնելու հարցի քննարկման ժամանակ:
Բելգիայի կառավարության ղեկավարին անվստահություն հայտնելու հարցը խորհրդարանի մեծ օրակարգ էին մտցրել երկու խմբակցություն: Մեկ շաբաթ առաջ կառավարության հինգ անդամ հրաժարական էր տվել՝ իրենց դժգոհությունն արտահայտելով վարչապետի կողմից ՄԱԿ-ի միգրացիոն պակտի ստորագրման առնչությամբ: