Մեծ Բրիտանիայի խորհրդարանի չորս խմբակցություն հայտարարել է Մեյի կառավարությանն անվստահություն հայտնելու մասին
Մեծ Բրիտանիայի թագավորության խորհրդարանի չորս խմբակցություն պահանջ է ներկայացրել Պահպանողականների կառավարությանը և վարչապետ Թերեզա Մեյին անվստահություն հայտնելու հարցով քվեարկություն իրականացնել: Այդ մասին հայտարությունն արված է Շոտլանդական ազգայնական խմբակցության թվիթերյան էջում:
Բացի Շոտլանդական ազգայնական խմբակցությունից պահանջին միացել են նաև Լիբերալ-դեմոկրատների, Կանաչների և Ուելսի խմբակցությունները:
«Հուսով ենք, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը կսատարի, որ մեր առաջարկությունը խորհրդարանում քննարկվի սուրբծննդյան տոներից առաջ՝ մինչև նստաշրջանի ավարտը», - ասել է Համայնքների պալատում Շոտլանդական ազգայնական խմբակցության ղեկավար Իեն Բլեկֆորդը:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը պարտավոր է Համայնքների պալատում քննարկել իրեն անվստահություն հայտնելու հարցը, եթե այդ առաջարկը պաշտպանում է պաշտոնապես իրեն ընդդիմություն հայտարարած խմբակցության առաջնորդը, որը ներկայում Լեյբորիստական խմբակցության ղեկավար Ջերեմի Կորբինն է:
Այս պահին, լեյբորիստները, սակայն, դեռևս չեն միացել չորս խմբակցությունների պահանջին: