Խադիջա Իսմայիլովան ահազանգում է մոտալուտ ձերբակալության հավանականության մասին
«Արդեն երկրորդ շաբաթն է՝ ես տարբեր աղբյուրներից նախազգուշացումներ եմ ստանում, ինձ խորհուրդ են տալիս փոքր ինչ ավելի զգուշավոր լինել: Իսկ ի՞նչ եմ ես արել, որ զգուշավորություն ցուցաբերեմ: Իմ գործը հետաքննություններն են և դրանցում որևէ անօրինական բան չկա: Բոլորն էլ գիտեն, որ ես դրամաշնորհներ չեմ ստանում և գումարային հարցերով չեմ զբաղվում: Դա մի կանոն է, որին ես հետևում եմ [իմ գործունեության] ամենասկզբից: Նշանակում է, որ իմ դեմ նոր քրեական գործ են «կարում»: Թերևս հենց այս քրեական գործի շրջանակներում էլ ցանկանում են ձերբակալել ինձ: Տեսնենք, թե այս անգամ ինչ կհորինեն», - երեկ «Ամերիկայի ձայն»-ի ադրբեջանական ծառայության հետ զրույցում ասել է Իսմայիովան՝ նշելով, սակայն, որ դեռևս որևէ տեղեկություն չունի, թե հատկապես որ ուժային գերատեսչությունն է նյութեր նախապատրաստում իր դեմ քրեական գործ հարուցելու համար:
Վերջին օրերի իրադարձությունները հուշում են, որ ըստ ամենայնի Իսմայիլովայի դեմ քրեական գործի հարուցման դեպքում այն տնտեսական բնույթ է կրելու:
Դեկտեմբերի 4-ին Ադրբեջանի խոշորագույն «Միջազգային բանկը» արգելափակել է Իսմայիլովայի հաշվեհամարներում գտնվող ֆինանսական բոլոր միջոցները: Խոսքն, ի դեպ, Ադրբեջանի կառավարության կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի հիման վրա վճարված փոխհատուցման մասին է, որն, ըստ Իսմայիլովայի, որևէ պատժամիջոցի, կալանքի կամ տուգանքի ենթակա չէ:
Հաշվեհամարն, ըստ Իսմաիլովայի, արգելափակվել է դատարանի վճռով` Պետեկամուտների նախարարության պահանջով: Լրագրողին մեղադրում են տարիներ առաջ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունում աշխատանքի ընթացքում հարկեր չմուծելու համար:
«Նախորդ անգամ, երբ ինձ ձերբակալեցին ես նաև ռադիոլրագրող էի: Այժմ, տեղեկատվության սահմանափակության պատճառով, ես զբաղվում եմ բացառապես հետաքննություններով: Հուսով եմ, որ իմ ձերբակալության դեպքում իմ ընկերներն ու գործընկերները կշարունակեն այդ գործը», - «Ամերիկայի ձայն»-ի ադրբեջանական ծառայության հետ զրույցում նշում էր նա:
Խադիջա Իսմայիլովան ձերբակալվել էր 2014-ի դեկտեմբերին: 2015-ի սեպտեմբերին նա դատապարտվել էր յոթուկես տարվա ազատազրկման: Ադրբեջանական դատարանը նրան մեղավոր էր ճանաչել ֆինանսական մի շարք հանցագործություններում: 2016-ի գարնանը, սակայն, միջազգային իրավապաշտպան կառույցների ճնշման ներքո ադրբեջանական իշխանությունները ստիպված էին ազատ արձակել Իսմայիլովային:
Խադիջա Իսմայիլովան լայն հանրությանը հայտնի է հատկապես իր լրագրողական հետաքննություններով, որոնց մեծ մասը վերաբերում է Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի անդամների կուտակած հարստությանը` մասնավորաբար աշխարհի տարբեր քաղաքներում ձեռք բերված թանկարժեք անշարժ գույքին: