The Washington Post-ը Հայաստանն անվանել է 2018թ. «ժողովրդավարության վերադարձ» արձանագրած աշխարհի 3 երկրներից մեկը
Հեղինակավոր The Washington Post պարբերականի սյունակագիր Ֆրիդա Գիտիսը հրապարակել է ուշագրավ հոդված՝ անդրադառնալով երեք երկրի, որտեղ 2018թ. վերադարձ է կատարվել դեպի ժողովրդավարություն:
Հատկանշական է, որ եռյակում է ներառվել նաև Հայաստանը:
Հեղինակը նշում է, որ թեև 2018 թվականն աշխարհի մասշտաբով «աղետալի» է եղել ժողովրդավարության համար, սակայն գտնվել է երեք երկիր, որտեղ հանուն ժողովրդավարության մղվող պայքարը բավական անսպասելիորեն ահռելի առաջընթաց է արձանագրել՝ ապացուցելով, որ ակտիվիզմի, առաջնորդության ու հանգամանքների ճիշտ համադրության դեպքում, կարելի է փոխել պատմության ընթացքը:
Գիտիսի կարծիքով՝ հիշյալ երեք երկրներն են Հայաստանը, Եթովպիան և Պերուն:
Հայաստանի մասով հեղինակը գրում է հետևյալը.«Երբ նախագահ Սերժ Սարգսյանը տասը տարի պաշտոնավարելուց հետո Սահմանադրությունը փոխելու միջոցով զավթեց իշխանությունն ու դարձավ վարչապետ, լրագրողից ակտիվիստի վերածված Նիկոլ Փաշինյանը, օգտվելով ժողովրդի դժգոհությունից, արմատապես փոխեց երկրի ուղղությունը»:
Այնուհետև հեղինակը հիշեցնում է ընթացիկ տարվա ապրիլ-մայիս ամիսների բուռն ներքաղաքական իրադարձությունները, «թավշյա հեղափոխությունը», Սարգսյանի հրաժարական, Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելը, ինչպես նաև վերջերս կայացած ԱԺ արտահերթ ընտրությունները, Փաշինյանի թիմի համոզիչ հաղթանակն ու իշխանությունների կողմից հայտարարված հակակոռուպցիոն պայքարը:
Հեղինակը եզրափակում է, որ հիշյալ երեք պետություններն ու նրանց առաջնորդները կայուն լիբերալ ժողովրդավարության ճանապարհին դեռևս պետք վտանգավոր խոչընդոտների հանդիպեն ու չի բացառվում, որ կարող են անգամ ձախողվել: