Հայտարարությունները փաստում են, որ ԼՂ հարցում զիջումների գնացողը կլինի հայկական կողմը. Ստեփան Դանիելյան
Ե՛վ Մամեդյարովի, և՛ Ալիևի հայտարարությունները փաստում են, որ Արցախի հարցով ոչ միայն բանակցություններ են գնում, այլև արդեն որոշակի հարցերի շուրջ համաձայնության են եկել: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
Ըստ նրա՝ միաժամանակ նկատելի է, որ զիջումների գնացող կողմը հայկական կողմն է լինելու, և օրակարգից հանվելու է Արցախի անկախության ճանաչման խնդիրը: «Ըստ տրամաբանության՝ Արցախին կտրվի միջանկյալ ինչ-որ կարգավիճակ, բայց այդ տարանքները հանձնելուց հետո տրամաբանությունը փաստում է, որ հաջորդ փուլում Ադրբեջանը Արցախի հարցը կլուծի, որովհետև ըստ էության Արցախն անպաշտպան է լինելու և այսպես կոչված միջազգային հանրությունը Ադրբեջանի հետ պատերազմի մեջ չի մտնելու»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը, մեկնաբանելով Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հետ Միլանում կայացած վերջին հանդիպումը, հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը երկար ժամանակ անց առաջին անգամ կարողացել են որոշակի փոխըմբռնման գալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում:
Դիտարկմանը, թե այսինքն՝ Արցախն ամբողջությամբ հանձնելու մասին է խոսքը, Ստեփան Դանիելյանը նշեց, որ, իհարկե, մանրամասները չգիտենք, բայց ըստ տրամաբանության, կարել է ենթադրել, որ տարածքներ են հանձնվում անհասկանալի ինչ-որ բանի դիմաց:
«Հետագայում արդեն հանրաքվե է անցկացվում, թե ոչ, արդեն իրենք կպայմանավորվեն, բայց ռազմական առումով Արցախը դառնում է անպաշտպան, մնացածն արդեն հետագայում Ադրբեջանի համար տեխնիկայի հարց է»,- ասաց նա:
Հարցին, թե ինչու պետք է Ադրբեջանը պայմանավորվածությունից դուրս գա և գրավի Արցախը, քաղաքագետը նշեց, որ բնականաբար այդպես կլինի. ադրբեջանական կողմը դրա մասին բազմիցս բացեիբաց հայտարարել է:
Ստեփան Դանիելյանն ընդգծեց, որ ըստ էության կան ադրբեջանական կողմի հայտարարությունները և հայկական կողմի լռությունը, իսկ լռությունը նշանակում է ընդունել այդ հայտարարությունները:
Իսկ թե Հայաստանը նման քայլի կգնա, որովհետև կա միջազգային հանրության կողմից ճնշում, քաղաքագետը պատասխանեց.
«Միջազգային հանրություն ասվածը կեղծ կատեգորիա է, միջազգային հանրությունը տարբեր երկրներից է, և ամեն երկիր ունի իր շահը, այստեղ կոնկրետ ինչ-որ ծրագիր կա. թե այդ ծրագիրն ովքեր են կազմել, մենք չգիտենք: Համենայն դեպս, եղած հայտարարությունները, նաև Լուկաշենկոյի ասածները տարածքների մասին, բացի դրանից, նաև գոյություն ունեն ՌԴ- և ԱՄՆ-ի մրցակցությունը, Իրանի և Թուրքիայի ներգրավվածությունը, այստեղ իրենց շահերի խնդիրն է, այսինքն՝ այստեղ քննարկման թերի խնդիր կա, և քանի որ հակասություններ ունենք, զորք է տեղադրվելու, թե ինչ է արվելու, այդ անվտանգություն ասածը, ըստ ԱԳ նախարարի, ո՞վ է ապահովելու, դրանք այն հարցերն են, որոնց պատասխանը մենք չունենք»,- ասաց նա:
Ի դեպ, Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում թեմային անդրադառնալով գրել էր. «Զգացողությունն այնպիսին է, որ Նիկոլի այն բանաձևը, որ Հայաստանն իր մասով է բանակցելու, Արցախը՝ իր մասով, իսկ որոշումը ժողովուրդն է ընդունելու, հետևյալն է. Հայաստանը (Նիկոլը) իր որոշումն է ընդունելու, Արցախին էլ ասելու են՝ գնա՛, ինչ ուզում ես արա՛, քո պրոբլեմն է:
Քաղաքական սերնդափոխության իմաստն էլ այն էր, որ հիմնականում անկապ ու պատահական մարդկանցով են խորհրդարանը լցրել, որ ինչ ուզեն, անցկացնեն:
Հեղափոխության իմաստն էլ սկսվում է փոխվել, մոտենում ենք դավադրության տեսություններին»: