Հայ լողորդներն աշխարհի առաջնությունում հանրապետական 5 ռեկորդ են սահմանել
Դեկտեմբերի 11-16-ը Չինաստանի Չանժոու քաղաքում անցկացվել է լողի աշխարհի հերթական` 14-րդ առաջնությունը:
Մասնակիցները հանդես են եկել «կարճ ջրում» ` 25 մետրանոց լողավազանում: Մեր երկրի ներկայացուցիչներից Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը հանդես են եկել 50մ. ազատ և բատերֆլայ, Վլադիմիր Մամիկոնյանը 100մ. ազատ, իսկ Անի Պողոսյանը `100 և 200 մ. ազատ լողաոճերում:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Մեր քառյակն արդարացրել է սպասելիքները` սահմանելով ՀՀ հինգ նոր ռեկորդ:
Վարսենիկ Մանուչարյանը բատերֆլայ լողաոճում 50 մ. անցել է 0, 29. 09 ժամանակում և 70 մրցակիցների պայքարում զբաղեցրել է աղյուսակի 44-րդ հորիզոնականը:
Նույն մրցատարածության ազատ ոճում Արթուր Բարսեղյանը 128 մարզիկների մեջ 51-րդն էր` 0, 22. 44 արդյունքով:
4 × 50 մ. ազատ ոճի խառը փոխանցալողում / երկուական տղամարդ և կին / 1. 40, 73 արդյունքով 22-րդը ճանաչվեցին 43 հայտավորվածների պայքարում:
Նույն ծրագրով, բայց համալիր փոխանցալողում, մեր քառյակը 1. 53, 46 ժամանակով, 47 մրցակիցների մեջ 32-րդն էր:
Վերջին ` հինգերորդ ռեկորդը սահմանել է Անի Պողոսյանը: Նա ազատ լողաճում , 200 մետրը հաղթահարել է 2. 06, 75 ժամանակում և 56 լողորդների մրցավեճում ճանաչվել 41-րդը:
Վլադիմիր Մամիկոնյանը գրավել է 76-րդ տեղը / 100մ. ազատ ոճ , 114 մասնակից, 51, 59 /, իսկ Անի Պողոսյանը նույն տարածությունում և մրցաձևում 53-րդն էր / 98 մասնակից, 0. 58, 14 /:
Անձնական ռեկորդ է սահմանել Վարսենիկ Մանուչարյանը, 50մ ազատ լողաոճում ` 0.26, 80 / 98- ից 45-րդը /:
Թիմը մրցավայր ուղեկցած մարզիչ Արմինե Ավետիսյանը ՀԱՕԿ-ի հետ զրույցում ասել է, որ մերոնց բավարար արդունքները պայմանավորված են մի շարք գործոններով:
Մարզիչների աշխատանքին մեծապես աջակցում է լողի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Հովսեփ Մեսրոպյանը: