Կյանքի 79-րդ տարում վախճանվել է Հայկական ԽՍՀ մշակույթի նախկին նախարար Յուրի Ավետիսի Մելիք-Օհանջանյանը
Դեկտեմբերի 17-ին կյանքի 79-րդ տարում վախճանվել է Հայկական ԽՍՀ մշակույթի նախկին նախարար Յուրի Ավետիսի Մելիք-Օհանջանյանը։
Յու.Մելիք-Օհանջանյանը ծնվել է 1940 թվականին Երևանում։ Նա մեծանուն
գիտնական ակադեմիկոս Կարապետ Մելիք-Օհանջանյանի եղբորորդին է։
Աշխատանքային գործունեությունը սկսել է տակավին ուսանողական տարիներին՝ որպես Երևանի Ֆ. Ձերժինսկու անվան թիվ 20 միջնակարգ դպրոցի պիոներջոկատավար։
1962 թվականին ավարտելով Երևանի պետական համալսարանի բանասիրական
ֆակուլտետը՝ նշանակում է ստանում Արտաշատի շրջան, ուր 3 տարի դասավանդել է Նորաշեն գյուղի միջնակարգ դպրոցում։ 1965-66 թթ. պատասխանատու աշխատանքներ է վարել ՀԼԿԵՄ Երևանի քաղկոմում ու կենտկոմում։
1966-68 թթ. աշխատել է ՀԿԿ Երևանի Մյասնիկյանի շրջկոմի հրահանգիչ, 1968-76 թթ.՝ ՀԿԿ Երևանի քաղկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի հրահանգիչ, բաժնի վարիչի տեղակալ, 1976-78 թթ.՝ քաղկոմի գիտության և ուսումնական հաստատությունների բաժնի վարիչ։
1978-83 թթ. վարել է ՀԿԿ Կենտկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչի տեղակալի պաշտոնը։ Ավարտել է ԽՄԿԿ Կենտկոմին առընթեր հասարակական գիտությունների ակադեմիան։
1983-85 թթ. ընտրվել է ՀԿԿ Երևանի Սպանդարյանի շրջկոմի առաջին քարտուղար։ 1985-90 թթ. եղել է Հայկական ԽՍՀ մշակույթի վերջին նախարարը։
Ընտրվել է ՀԿԿ Կենտկոմի անդամ, ՀԽՍՀ 11-րդ գումարման Գերագույն Խորհրդի պատգամավոր (1985-90 թթ.)։
1990 թվականին արժանացել է Հայկական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչի պատվավոր կոչմանը:
Յուրի Մելիք-Օհանջանյանի՝ որպես մշակույթի նախարար պաշտոնավարման օրոք Հայաստանի մշակութային կյանքն ապրել է նոր վերելք: Նա մեծ ներդրում է ունեցել հայաստանյան մշակույթի մեջ՝ ներկայացնելով այն ոչ միայն ԽՍՀՄ ամբողջ տարածքում, այլ նաև Սուրբ Ղազար կղզու Մխիթարիստների Միաբանությանը, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում և այլուր:
Հետագա տարիներին վարել է խմբագրական աշխատանք, ծավալել հասարակական-քաղաքական գործունեություն։ 2001-02 թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության
կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության պետի տեղակալ:
Յու. Մելիք-Օհանջանյանի պայծառ հիշատակն ընդմիշտ կմնա նրան ճանաչածների սրտերում։