ԱՄՆ ՄԶԳ-ը պատրաստ է աշխատել ՀՀ կառավարության հետ. Բրոք Բիրման
Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի, Փաշինյանը կարևորել է ԱՄՆ ՄԶԳ-ի հետ արդյունավետ համագործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը տարբեր ուղղություններով:
Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ կառավարությունը հետևողականորեն և հաստատակամ շարունակելու է ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ուղղված ինստիտուցիոնալ բարեփոխումները և այդ առումով ընդգծել ԱՄՆ ՄԶԳ-ի հետ փոխգործակցության կարևորությունը:
Կառավարության ղեկավարը Բրոք Բիրմանի այցը Հայաստան համարել է լավ հնարավորություն՝ նախանշելու հետագա համագործակցության ոլորտները:
«Մեր քայլերն ուղղված են ժողովրդավարության ամրապնդմանը, բիզնես միջավայրի բարելավմանը, ներդրումների ներգրավմանը, քաղաքացիական հասարակության զարգացմանը», - ասել է Փաշինյանը՝ հեռանկարային համարելով համագործակցությունն ԱՄՆ ՄԶԳ-ի հետ նաև գյուղատնտեսության, ենթակառուցվածքների և կրթության ոլորտներում:
Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է ԱՄՆ-ի հետ տնտեսական փոխգործակցության զարգացմամբ և առևտրաշրջանառության ծավալների ավելացմամբ:
Բիրմանը նախ շնորհավորել է Փաշինյանին բարձր մակարդակի արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու կապակցությամբ և հավելել. - «Ինձ համար պատիվ է հանդիպել Ձեզ հետ՝ նշանավորելու այս պատմական էջը Հայաստանի պատմության մեջ: ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը պատրաստ է աշխատել կառավարության հետ՝ Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների առավել հզորացման, կոռուպցիայի դեմ պայքարի և առևտրի ու ներդրումների խթանման բնագավառներում»:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները պայմանավորվել են, որ երկկողմ փոխգործակցության կոնկրետ ուղղություններն առաջիկայում կհստակեցվեն Հայաստանի կառավարության և ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան գրասենյակի քննարկումների արդյունքում: