Այն ժամանակը, որ նոր կառավարությունն ունեցել է հարմարվելու համար, արդեն սպառվել է, վստահության քվեն անվերջ չէ. Բորիս Նավասարդյան
2018թ. հրաշքների տարի էր, բայց դժվար է ակնկալել, որ 2019թ. նույնպես հրաշքների տարի է լինելու: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Ըստ նրա` այն խնդիրները և այն նպատակները, որոնք կարելի էր իրականացնել էներգիայի, նվիրվածության շնորհիվ, արդեն լուծված են, հետագա խնդիրները միայն ծանր աշխատանքով կարելի է լուծել:
«Այն ժամանակը, որ նոր կառավարությունն ունեցել է սովորելու, հարմարվելու, իրավիճակն ուսումնասիրելու համար, արդեն սպառվել է, և 2019թ. հենց սկզբից անհրաժեշտ է լինելու շատ հետևողական, մանրակրկիտ և շատ ծանր աշխատանք տանել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։
Նա հուսով է, որ վարչապետի պաշտոնակատարն ու իր թիմը կարողացել են ուսումնասիրել Հայաստանում առկա կադրային ռեսուրսը և այնպիսի կառավարություն կձևավորեն, որը պատրաստ կլինի առաջ տանել երկիրը:
«Նոր իշխանության ունեցած վստահության քվեն անվերջ չէ. հնարավոր է, որ դա մեկ տարի չէ, այլ մեկ տարուց էլ պակաս ժամանակահատված է, այսինքն՝ հենց հունվար-փետրվարից մենք պետք է տեսնենք շատ լուրջ աշխատանք»,-նկատեց նա: