8 անձի մեղադրանք է առաջադրվել՝ «Նուբարաշեն»-ից փախուստի փորձ կատարելու համար. ՔԿ
Կոմիտեն նշում է, որ փախուստի փորձի մասին ահազանգը ստացվել է 2018 թվականի ապրիլի 25-ին, նույն օրը հարուցվել է քրեական գործ։
Նախնական քննության տվյալներով՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի 6-րդ մասնաշենքի թիվ 008 խցում պահվող թվով 11 կալանավորված անձինք և դատապարտյալներ 2018-ի ապրիլի 25-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետի կողմից, օրենքով սահմանված կարգով, ուղեկցվել են 6-րդ մասնաշենքում տեղակայված զբոսախուց:
«Զբոսախցի մուտքի դուռը փակելու պահին կալանավորված անձանցից մեկը բռնություն է գործադրել ուղեկցող անձի նկատմամբ և նրան մտցրել զբոսախուց, զրկել դիմադրություն ցույց տալու հնարավորությունից, որի ժամանակ մեկ ուրիշ կալանավոր տեսուչի մոտից խլել է մասնաշենքի խցերի դռների կախովի փականների բանալիները, ինչպես նաև` մասնաշենքերի մուտքերի և խցերի դռների փականների բանտային բանալին:
Չենթարկվելով քրեակատարողական հիմնարկում վարքի պահպանման վերաբերյալ գործող կանոններին, բռնության գործադրումն ու փախուստի փորձը դադարեցնելուն ուղղված տեսուչի կոչերին՝ կալանավորներից ոմանք բացել են 6-րդ մասնաշենքի 6 տարբեր խցերի դռները և իրենց հետ փախուստի դիմելու կոչով դիմել կալանավորված օտարերկրյա քաղաքացիներին:
Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ փախուստի փորձին միացել է ընդհանուր առմամբ 8 կալանավորված և դատապարտված անձ, ովքեր պահվել են թիվ 008 և 009 խցերում, բոլորն էլ՝ օտարերկրացի (ԻԻՀ քաղաքացի)։ Վերջիններս, անցնելով նկուղային հարկի միջանցքներով, հասել են 1-ին մասնաշենքի մուտքի դռանը, բռնություն գործադրել ծառայություն իրականացնող քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակցի նկատմամբ, սակայն չեն կարողացել բացել մասնաշենքի մուտքի դուռը և դիմել փախուստի, քանի որ տեսուչի ահազանգով անմիջապես թիվ 1 մասնաշենք են ժամանել քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները ու կանխել փախուստի փորձը:
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 8 անձի մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 34-355 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան», - ասված է հաղորդագրությունում։