Պաշտոնապես ասում եմ՝ այն տարածքները, որոնք մայիսի 8-ի դրությամբ եղել են ՀՀ ԶՈւ վերահսկողության ներքո, շարունակում են մնալ ՀՀ ԶՈւ վերահսկողության ներքո․ Նիկոլ Փաշինյան
Պարոն Մնացականյանի պաշտոնանկությունը ձեզ հայտնի հանգամանքների բերումով չեմ կարող մեկնաբանել։ Դիլիջանում լրագրողների հետ զրույցում այսպես ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կապված է իր և Արցախի նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը Արցախի ՊԲ արդեն նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի պաշտոնանկության հետ:
«Ինչ վերաբերում է այն մեկնաբանություններին, որ այդ պաշտոնանկությունը կարող է բանակի մարտունակության վրա ազդեցություն ունենալ, ապա դրանք վատ մեկնաբանություններ են մեր բանակի հասցեին: Ովքե՞ր են նշանակվել. պաշտպանության բանակի հնաբնակներ՝ մարդիկ, որոնք իրենց ամբողջ կյանքում ծառայել են Զինված ուժերում և Արցախյան ազատամարտի ակունքներում են»,- ասաց նա:
Անդրադառնալով Միլանում տեղի ունեցած հանդիպման մասին Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի հայտարարությանը՝ Նիկոլ Փաշինյանը մատնանշեց արտգործնախարարության հաղորդագրությունը, ըստ որի, համաձայնություն է ձեռք բերվել համատեղ հաղորդագրության շուրջ:
«Արդյոք նոր բան կա՞ բանակցություններում: Ոչ մի նոր բան չկա բանակցություններում, և ակտիվությունն այնքանով է, որքան դուք տեսնում եք»,- ասաց նա:
Փաշինյանը նաև մատնանշեց, որ ժամանակին, երբ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Կասպշիկի ոչ բոլոր այցելություններն էին լուսաբանվում, քանի որ դրանք աշխատանքային էին և պարբերական բնույթ էին կրում, ապա հիմա նա իր աշխատակազմին հանձնարարել է, որ բոլոր շփումները պարտադիր լուսաբանվեն: «Որովհետև կարծում եմ, որ պրոցեսը պետք է լինի թափանցիկ»:
Վարչապետի պաշտոնակատարը նաև իր զարմանքը հայտնեց՝ երբ ինչ-որ մեկնաբանություն է հնչում ադրբեջանական կողմից, օրինակ, որը լավատեսություն է պարունակում իր մեջ, հայաստանցի մեկնաբանների որոշ մեկնաբանությունների մեջ դավադրություններ են նկատվում:
«Ինչու՞ այնպիսի կանխավարկած չկա, որ Հայաստանի կառավարությանը հաջողվել է համոզիչ փաստարկներ բերել»,- ասաց նա, հետո հավելեց. «Ես պնդում եմ, և դուք ինքներդ էլ կարող եք քննության առնել՝ Հայաստանի ոչ մի կառավարություն Ղարաբաղի հարցում այնքան թափանցիկ չի եղել, որքան մեր կառավարությունն է»:
Հարցին, թե պնդելու են, որ իրականացվեն Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունները, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Ամբողջ խնդիրն այն է, որ հենց ամենասկզբից Ադրբեջանը պնդել է, որ նման պայմանավորվածություն ընդհանրապես չկա: Իսկ ինչ վերաբերում է այդ օրակարգերին, դրանք պաշտոնական բանակցային պրոցեսի օրակարգեր են, որոնք տեղի են ունեցել համանախագահների ներկայությամբ: Ես ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ ես ինքս որևէ պաշտոնական բանակցային գործընթացի չեմ մասնակցել: Մենք երկու անգամ զրույց ենք ունեցել Իլհամ Ալիևի հետ»:
Հարցին, թե արդյոք ճշմարիտ են ադրբեջանական կողմի հայտարարությունները, թե Նախիջևանի կողմից 11 հազար տարածք կարողացել են իրենց վերահսկողության տակ վերցնել, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․
«Նախիջևանի ուղղությամբ եթե ինչ-որ դիրքային փոփոխություններ եղել են, ապա 95 տոկոսով դրանք տեղի են ունեցել այս տարվա փետրվար-մայիս ամիսներին: Եղել են դիրքերի որոշակի տեղաշարժեր: Երկու կողմից են եղել: Ես պաշտոնապես ասում եմ, որ այն տարածքները, որոնք մայիսի 8-ի դրությամբ եղել են Հայաստանի Զինված ուժերի վերահսկողության ներքո, շարունակում են մնալ ՀՀ Զինված ուժերի վերահսկողության ներքո»: