Էստոնիայում ձերբակալություններ են տեղի ունեցել Danske Bank-ի միջոցով «փողերի լվացման» գործով
Էստոնիայի դատախազությունը 10 մարդու է ձերբակալել, որոնք կասկածվում են Danske Bank բանկի էստոնական մասնաճյուղի միջոցով փողերի լվացման մեջ:
Ինչպես հաղորդում է DW.com-ը՝ վկայակոչելով երկրի գլխավոր դատախազ Լավլի Փերլինգին, ձերբակալվածների թիվը կարող է աճել: Վերջինիս խոսքով՝ ձերբակալվածներն Էստոնիայի քաղաքացիներ են, որոնք հաճախորդների հետ աշխատանքի մենեջերի պաշտոններ են զբաղեցրել: Նրանց պարտականություններում է եղել փողերի լվացմանը խոչընդոտելը:
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, 2013-ին Danske Bank-ի էստոնական մասնաճյուղով ռուսներին և նախկին ԽՍՀՄ երկրների բնակիչներին պատկանող 30 մլրդ դոլար է շրջանառվել: Գլխավոր դատախազն ընդգծել է, որ վրաստանցի և ադրբեջանցի ոչ-ռեզիդենտ հաճախորդների հաշիվներում բաշխված «կեղտոտ փողերի» շրջանառությունը կազմել է շուրջ 300 մլն եվրո: Բացի այդ, կալանքի տակ են առնվել 1 մլն եվրոյի չափով ակտիվներ:
Danske Bank-ի էստոնական մասնաճյուղի նկատմամբ հետաքննություն սկսելու մասին հայտնի էր դարձել 2018-ի հուլիսին: Հետաքննության տվյալներով՝ 2007-2015 թվականներին բանկի մասնաճյուղը մասնակցել է ընդհանուր առմամբ 8 մլրդ դոլար գումարի լվացմանը:
