8 ամսվա ընթացքում կառավարության անդամները չհասցրին տիրապետել խնդիրներին, ռեֆորմներ էլ չեղան, շատ բան եղավ իներցիայով․ Գ․ Մակարյան (տեսանյութ)
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը Կառավարության կողմից կոռուպցիայի դեմ պայքարը ճիշտ ուղի է համարում, քանի որ կարծում է, թե կոռուպցիան ՀՀ-ում տարիներ շարունակ խորացել է։ Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց կողմից իրականացված հարցումներն ու վերլուծությունները ցույց են տվել, որ բիզնեսի մոտավորապես 30 տոկոսը միշտ դժգոհել է կոռուպցիայից ու ստվերից, քանի որ դա իրենց համար ստեղծել է անհավասար մրցակցային պայմաններ։
«Միանգամից լուծվում է 3 խնդիր՝ կոռուպցիայի դեմ պայքար, ստվերից դուրս գալու հիմքով կոռուպցիայի դեմ պայքար, արդար մրցակցային պայմանների ստեղծման հնարավորություն։ Սակայն ես, անկեղծ ասած, կառավարությունից ավելի մեծ մասշտաբով էի պայքար ակնկալում։ Բաց հանդիպումները, ձերբակալելը, աղմուկը, մամուլով կոռուպցիայի դեպքերի մասին շատ խոսելը և այլն, իրենց դրական ազդեցությունն ունեցան, քանի որ շատ կազմակերպություններ սկսեցին խուսափել, իսկ շատերը սկսեցին ստվերից դուրս գալ։ Կոռուպցիան ու ստվերային տնտեսությունը թուլացան նաև այն առումով, որ պետական համակարգն էական փոխվեց, և մարդիկ, որոնք նախկինում կարողանում էին ինտեգրվել պետական պաշտոնյաների հետ՝ կարողանալով իրենց հարցերը լուծել, հիմա այդ հնարավորությունը չունեն»,- ասաց նա։
Միևնույն ժամանակ, Մակարյանը նկատեց, որ կոռուպցիայի առաջացման պատճառներից մեկը թաքնված է կառավարման ապարատում։ Նրա խոսքով, երբ պետական մարմինների կողմից տրվող ծառայությունների որակը չի համապատասխանում տնտեսական զարգացման և տնտեսվարող սուբյեկտների ակնկալիքներին, սկսվում է կոռուպցիոն ճանապարհի որոնումը։ Ինչ վերաբերում է տեսակետին, որ այս կառավարությունը բացի «ասֆալտին» փռելուց այլ բան չի արել, իսկ ստվերից հանված գումարների ազդեցությունը տնտեսության մեջ չկա, Գագիկ Մակարյանը նշեց, թե գումարների հետ կապված դիտարկումների հետ համաձայն է, քանի որ, ըստ նրա, ակնկալիքներն ավելի մեծ էին։
«Ստվերային գումարները գանձելը, հավաքելու պետք անաղմուկ կատարվեր, ավելի հանգիստ, տետատետ և համաձայնությունների որոշակի տրամաբանության վրա։ Իրականում ստվերից քիչ գումարներ են հանվել, բայց աշխատուժի առումով շոշափելի է։ Սակայն մարդիկ, որոնք ցանկանում են ստվերային տնտեսությամբ զբաղվել, ժամանակավորապես անցել են ընդհատակ, վախեցած ու զգուշավոր են, բայց ինքը՝ խնդիրը, նիրհած վիճակում է, իսկ նիրհող վիճակում գտնվող խնդիրը կարող է ինչ-որ մի պահ արթնանալ։ Դրա համար շատ կարևոր է, որ կառավարման էֆեկտիվությունը»,- ընդգծեց Մակարյանը։
Տնտեսագետը կարևոր է համարում ռացիոնալ հաշվարկները, թե ո՞ր ոլորտներում է ստվերային տնտեսություն դրսևորվում, ո՞ր բիզնեսի շրջանակում պետք է խորանալ։ Նրա խոսքով՝ առանցքային է փաստաթղթավորման խնդիրը՝ ապացույցների տեսանկյունից։ Միևնույն ժամանակ նա արձանագրեց, որ մեր պետական մարմինները կոռուպցիայի դեմ պայքարի փորձ չունեն, ինչն, ըստ նրա, խնդիրներ է առաջացնում։
Հարցին՝ կա՞ տեսության մի ճյուղ, որն արդեն իսկ առողջացել է կամ քիչ է մնացել վերջնական առողջացման համար, Գագիկ Մակարյանը պատասխանեց, թե ընդհանուր կոռուպցիայի դեմ պայքարը, ստվերի դեմ պայքարը միտված է տնտեսության առողջացմանը, սակայն կոնկրետ առողջացած ոլորտ չկա։
«Եթե խոսում ենք զուտ տնտեսական ճյուղի զարգացման, ռեֆորմների, դրա գերակայության, պետական աջակցության մեխանիզմների մասին, ապա նման ոլորտ չկա։ Բանն այն է, որ պետական պաշտոնյաներն 8 ամսվա ընթացքում չհասցրեցին տիրապետել, հասկանալ այդ խնդիրները, ավելին՝ առանձնապես էլ չտրվեցին ռեֆորմներին կամ օրենքների փոփոխություններին։ Որոշակի առողջացում տեղի ունեցավ ավտոմատ, քանի որ բիզնեսը պարզապես իր համար հանգիստ պայմաններ զգաց, նաև մոնոպոլիաներ չկան, իրեն «բզող» երևույթներ չկային։ Բիզնեսը, իրեն ավելի հանգիստ զգալով, սկսեց իր իսկ թափանիվով, իներցիայով աշխատել, սակայն սա չի նշանակում ոլորտի առողջացում»,- ընդգծեց Գագիկ Մակարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։