Ա. Միրզոյանը՝ ԱԺ նախագահ, Լ. Նազարյանը՝ փոխնախագահ. «Իմ քայլը» դաշինքը քննարկում է անցկացնում
ԱԺ նախագահի պաշտոնում Արարատ Միրզոյանի թեկնածությունն ենք քննարկելու: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, «Մարիոթ» հյուրանոցում «Իմ քայլը» դաշինք քննարկումից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Լենա Նազարյանը:
Լ. Նազարյանը նաև դրական պատասխան տվեց իր՝ ԱԺ փոխնախագահ ընտրվելու մասին լուրին:
Հանդիպմանը ներկա են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամները, նախարարի պաշտոնակատարները, նաև այն անձինք, որոնք պատգամավոր են դառնալու, ինչպես նաև պատգամավորի նախկին թեկնածուները:
Նիստի ընթացքում խմբակցության անդամները ծանոթանալու են միմյանց հետ, քննարկելու են, թե ով է գնալու խորհրդարան, ով՝ գործադիր մարմին:
«Հանդիպումը տեղի է ունենում խմբակցության անդամների հետ: Կարծում եմ, որ կքննարկվեն խմբակցության ղեկավար, ԱԺ ղեկավար կազմի հարցերը: Ամեն ինչը որոշելու է խմբակցությունը, իսկ վարչությունը կարող է միայն առաջարկ անել: Խմբակցությունը պետք է քննարկի, իսկ ԱԺ նախագահի պարագայում ամբողջ խորհրդարանն է քվեարկելու»,- հայտնեց պատգամավոր Ալեն Սիմոնյանը:
Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցն էլ լրագրողներին հայտնեց, որ իր՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար նշանակվելու մասին քննարկումներ եղել են. «Նման քննարկում կա, թե ինչ որոշում կկայացվի, այսօր կիմանանք: Դժվար է լինելու, բայց ես կարող եմ, պատրաստ եմ պատասխանատվություն ստանձնել»:
Տարածքային և կառավարման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն էլ քննարկումից առաջ նշեց, որ գերադասում է կառավարությունում աշխատելը, բայց կընդունի այն առաջարկը, որը կանի կուսակցությունը: