11-ամյա ամերիկուհու մոտ ամիսներ առաջ ախտորոշված գլխուղեղի անվիրահատելի քաղցկեղը խորհրդավոր կերպով անհետացել է
ԱՄՆ Տեխաս նահանգում բնակվող 11-ամյա աղջկա գլխուղեղի ուռուցքը, որը վիրահատության ենթակա չէր, խորհրդավոր կերպով անհետացել է, և նույնիսկ նրա բժիշկները չեն կարողանում բացատրել, թե ինչպես է դա պատահել:
Ինչպես գրում է Daily Mail-ը, Ռոքսլի Դոսի մոտ հունիսին հազվադեպ և ագրեսիվ զարգացող ուռուցք էին ախտորոշել, որը հանդիպում է հիմնականում 5-9 տարեկան երեխաների մոտ: Ախտորոշումը հաստատվել էր հինգ տարբեր հիվանդանոցի բժիշկների կողմից, որոնք աղջկա ծնողներին ասել էին, որ ուռուցքին որևէ բուժում չկա:
Երեք ամիս ճառագայթման կուրս անցնելուց հետո նյարդաբանները ՄՌՏ հետազոտություն են կատարել՝ տեսնելու ուռուցքի զարգացման տեմպերը և ապշել են՝ մահացու ուռուցքի և ոչ մի հետք չգտնելով:
Ինչպես աղբյուրը հայտնում է, աղջիկն այժմ վերսկսել է իր սիրած գործով զբաղվել, այսինքն՝ ձիավարել:
Նշվում է, որ ԱՄՆ-ում ամեն տարի նման հիվանդության ախտորոշում է ստանում 200-300 երեխա: Այս տեսակի ուռուցքը, սովորաբար, ճնշում է գործադրում ուղեղի այն հատվածի վրա, որը պատասխանատու է մի շարք կենսական գործառույթների համար, այդ թվում՝ շնչելու, քնելու և արյան ճնշման:
Այս հիվանդության վաղ ախտանշաններից են աչքի շարժման խանգարումը, դեմքի թուլությունը, շարժողական համակարգի աշխատանքի դժվարացումն ու հավասարակշռության կորուստը: