Բելառուսի ներկայացուցիչ Զասը հույս ունի 2019-ի սկզբին անցնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունների կատարմանը
Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասը հույս ունի անցնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի լիազորությունների կատարմանն արդեն 2019 թվականի սկզբին: Այս մասին գրում է gazeta.ru-ն:
«Դեռ ոչ բոլոր ընթացակարգերն են ավարտված: Կարծում եմ, որ (տարվա) մնացած օրերին և մյուս տարվա առաջին օրերին բոլոր իրավական ընթացակարգերը կավարտվեն, և կսկսվի աշխատանքը նոր պաշտոնում», - ասել է Զասը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Ստանիսլավ Զասի նշանակման մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը:
Հիշեցնենք, որ Հայաստանը հետ է կանչել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից իր ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին: Հետկանչի ընթացակարգերն ավարտին են մոտեցել նոյեմբերի 2-ին: Այդ օրվանից գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար է դարձել նրա տեղակալ Յուրի Սեմերիկովը:
Առավել հավանական թեկնածու է համարվում Ստանիսլավ Զասը. 54-ամյա գեներալ-մայորը 2015-ի նոյեմբերի 4-ից գլխավորում է Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղարությունը:
Հայտնի է, որ հայկական կողմը հակված է հարցի լուծման այլ տարբերակի՝ հաշվի առնելով, որ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն այս պաշտոնում ծառայել է նախատեսված 3 տարուց միայն մեկուկեսը: Հետևաբար՝ ՀՀ նոր ներկայացուցիչը կարող է շարունակել պաշտոնավարել մնացած մեկուկես տարվա ընթացքում:
