Արթուր Սողոմոնյան. Հաջորդ տարի նախատեսում ենք «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մասնաճյուղեր բացել մարզերում
Դեկտեմբերի 21-ին «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմյանը հանդիպել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ՝ ամփոփելու մրցաշրջանի առաջին հատվածն ու անդրադառնալու մի շարք խնդիրների, որոնց ակումբը բախվել է մրցաշրջանի աշնանային հատվածում:
«Այսօր, ըստ էության, պաշտոնական ասուլիս չէ, մամուլի ասուլիսի համար լուրջ առիթներ չկային:
Հարցազրույցների համար մի քանի հարցում էր եղել, և մենք որոշեցինք ուղղակի հավաքվել ու ոչ ֆորմալ հանգամանքներում շփվել ձեզ հետ:
Անցավ առաջին կես տարին: Ես նման պրոֆեսիոնալ որակով այստեղ այդքան էլ երկար չեմ, բայց իմ տեսանկյունից՝ տեղի են ունեցել արմատական դրական փոփոխություններ, ավելացել է առաջնության թիմերի քանակը, լրջորեն բարձրացել է ֆուտբոլի մակարդակը Հայաստանում անցած տարվա համեմատ, խաղերը կանխատեսելի չեն: Մենք հազվագյուտ առաջնություն ունենք, որտեղ աութսայդեր չկա, ցանկացած թիմ կարող է կռիվ տալ առաջին թիմի հետ:
Շատ հետաքրքիր է առաջնությունը: Իհարկե, դեռ շատ անելիք կա: Եվ իմ կարծիքով, ձեր՝ լրագրողներիդ դերը շատ մեծ է ու լուրջ, դրա համար էլ ուզում էինք հանդիպել ձեզ հետ: Մեր հիմնական գաղափարն ու ցանկությունն է՝ երկրպագուներին վերադարձնել մարզադաշտ, Հայաստանում ֆուտբոլը դարձնել շատ պահանջված ու պոպուլյար սպորտաձև:
Այն այդպիսին է, բայց կային ժամանակներ, երբ երկրպագուներն ավելի շատ էին գալիս, բուռն երկրպագում էին: Եվ ես մեծ հույս ունեմ՝ ձեզ հետ միասին կարող ենք անել դա: Այն, ինչ անում ենք մենք, դուք, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, ուղղված են հենց դրան: Ցավոք, հայկական մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը հիմա այնքան էլ լավը չէ, մեզ պարզապես նաև ֆիզիկապես չեն հերիքում ֆուտբոլիստները: Պետք է զարգացնել մանկապատանեկան ֆուտբոլը: Ես կարծում եմ՝ այդ բոլոր գործընթացներում դուք ևս կունենաք ձեր անմիջական մասնակցությունը:
Մեր ֆուտբոլի, մեր հավաքականի շուրջ դրական մթնոլորտի ստեղծումը ձեր ձեռքերում է: Ֆուտբոլ խաղում են երիտասարդ տղաները, ու նրանց վրա շատ ուժեղ ներգործում է հասարակական կարծիքը: Մենք դա զգացինք ԵԼ-ի ժամանակ: Միանշանակ, մեզ հաջողվեց մի քանի խաղ հաղթել նաև այն բանի շնորհիվ, որ մարդիկ գալիս էին մարզադաշտ, աջակցում էին:
Շուտով կմեկնարկի Հայաստանի հավաքականի մրցափուլը: Կարծում եմ, այդ մթնոլորտը կանդրադառնա նաև հավաքականի վրա: Շատ եմ ուզում, որ այն պոզիտիվը, որ ստեղծվել է հայկական ֆուտբոլում, դուք ևս պահպանեք:
Լրջորեն փոխվել են հարաբերությունները ՀՖՖ-ի հետ՝ դեպի լավը: Մենք ակտիվորեն շփվում ենք, մեզ լսում են, օգնում են: Հիմա նոր մարզադաշտ, նոր խաղադաշտեր են կառուցում:
Հաջորդ տարի մենք նախատեսում ենք «Փյունիկի» մի քանի մասնաճյուղ հիմնել մարզերում: Այսօր հայկական մանկապատանեկան ֆուտբոլում շատ մեծ է մարզերում ակադեմիաների ստեղծման պահանջը»,- ասել է Արթուր Սողոմոնյանը:
