Նախորդ կիսանախագահական կառավարման Սահմանադրության պարագայում ԱԺ-ն ուներ ավելի շատ վերահսկողական լիազորություն, քան հիմա. Գագիկ Ջհանգիրյան (տեսանյութ)
Հայաստանի համար խորհրդարանական կառավարման համակարգը վաղաժամ է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նախկին զինդատախազ, ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխություններ կատարել-չկատարելու շուրջ ընթացող քննարկումներին:
Գ. Ջհանգիրյանը նշեց, որ Հայաստանում գործող կառավարման համակարգը ամենևին էլ խորհրդարանական չէ, վարչապետական է, իրական իշխանությունը պատկանում է վարչապետին, ոչ թե Ազգային ժողովին:
«Կայուն մեծամասնության նորը խայտառակ է, այն հակասության մեջ է պառլամենտարիզմի հետ»,- հավելեց նախկին զինդատախազը: Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ հեքիաթ է այն փաստարկը, թե կիսանախագահականն ավելի վատն է, քան նախագահականը:
«Ես չեմ ասում վերադառնանք նույն կիսանախագահական համակարգին, որը 2005-2015թթ. էր: Ես ասում եմ՝ վերադառնանք կիսանախագահական տարբերակի, իսկ թե իշխանության ճյուղերի բաժանումն ինչպես պետք է կատարվի, որ մարմնին ինչ լիազորություններ պետք է տալ, դա կարելի է քննարկել: Պառլամենտականը մեզ ընդհանրապես չի համապատասխանում, դա ակնհայտ է:
Եթե անկեղծ լինեմ, կասեմ, որ նախորդ կիսանախագահական կառավարման Սահմանադրության պարագայում խորհրդարանն ուներ ավելի շատ վերահսկողական լիազորություն, քան խորհրդարանական ներկա կառավարման համակարգի պարագայում: Գրված է՝ ԱԺ-ն վերահսկողություն է իրականացնում գործադիր ողջ իշխանության նկատմամբ, բայց երբ նայում ես, թե ինչ լծակներ է քեզ տալիս Սահմանադրությունը, տեսնում ես, որ ֆիկցիա է վերահսկողությունը, որը իրականացնում ես»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
