Ի՞նչ փուլում է վեթինգի նախագիծը. պատգամավոր
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանից ԳԱԼԱ-ն հետաքրքրվեց, թե որ փուլում է վեթինգի նախագիծը, ինչ նորություններ կարող է հայտնել: Սուրեն Գրիգորյանն ասաց, որ նախագիծն աշխատանքային փուլում է.
«Երբ պատրաստ լինի, կներկայացնեն, բոլոր կողմերը հնարավորություն կունենան իրենց կարծիքները ներկայացնելու, այս պահի դրությամբ աշխատանքային փուլում է»:
Հարցին, թե ներկայացրե՞լ են արդյոք խորհրդարանի ընդդիմադիր խմբակցություններին, նրանցից արդյոք ստացե՞լ են առաջարկներ, պատգամավորն ասաց.
«Ես տեղյակ եմ, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից երեկ հայտարարվել է, որ ներկայացվելու է կամ միգուցե արդեն ներկայացվել է իրենց տեսլականը»:
Հարցին, թե կա՞ արդեն պատկերացում, թե ինչ մոդելով է իրականացվելու վեթինգը, պատգամավորն արձագանքեց, որ վերջնական պատրաստ լինելուց հետո միայն կներկայացնեն հանրության դատին:
Թե ովքեր են աշխատում նախագծի վրա, և ինչ ժամկետներում կներկայացվի վերջնական տարբերակը, պատգամավորն ասաց, որ նման տեղեկություն հայտնել չի կարող, կլինի մոտ ժամանակներում:
The post Ի՞նչ փուլում է վեթինգի նախագիծը. պատգամավոր appeared first on ԳԱԼԱ.
