Դատական համակարգում իշխանության գործողությունները ոչ թե համակարգի բարեփոխման հետ են կապված, այլ դրան տիրանալու. Միհրան Պողոսյան
Ոչ ստանդարտ իրավիճակ է տեղի ունեցել Բարձագույն դատական խորհրդում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Միհրան Պողոսյանը` անդրադառնալով ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանի հրաժարականին:
«Ակնհայտ է ինչ-որ ուժեր ուզում են իրենց սեփական նպատակներին հասնել, որոնց մեջ է տեղավորվում Նախշուն Տավարացյանի ընտրվելը, այնուհետև նրա լեգիտիմության հարցի բարձրացումը, ապա նրա հրաժարականը: Այսինքն` այն ինչ պարզ ու շիտակ երևում է, դա միայն այն է, ինչ-որ ցանկանում են հանրությունը տեսնի, սակայն, կարծում եմ, որ այստեղ կա այլ գործարքների, գործողությունների հետևանքով առաջացած իրավիճակ: Ակնհայտ է, որ սա ինչ-ինչ ստվերային գործարքների արդյունքում ձեռք բերված համաձայնություն է, որի պտուղներն ավելի ուշ կտեսնենք»,- ասաց նա:
Ընդհանուր առմամբ` Միհրան Պողոսյանը նկատեց, որ իշխանության կողմից իրականացրած գործողությունները դատական համակարգում ոչ թե դատական համակարգի բարեփոխման հետ են կապված, այլ դրան տիրանալու հետ: «Իշխանության միակ նպատակը դա է: Վերահսկողությունը փորձում են իրականացնել ոչ թե որպեսզի դատարաններն արդարադատություն իրականացնեն, այլ այն առումով, որ երբևէ չհամաձարկվեն իշխանություններին ոչ հաճո որոշումներ կայացնեն»,- ասաց նա:
Փաստաբանը նկատեց, որ Հայաստանում վերջին 30 տարում այնպիսի իրավիճակ էր ստեղծված, որ դատական համակարգը չընկալվեր որպես իշխանության առանձին ճյուղ, այլ լիներ պետության մի մասը, որը կատարում է պետությանն անհրաժեշտ որոշումները:
«Մենք պետք է տարբերենք իշխանության հայտարարությունները և գործողությունները, այսինքն, երբ այդ հայտարարությունները հնչում են ընդամենը մի քրեական գործով որոշակի զարգացումներից հետո, դրանք, ակնհայտ է, որ քաղաքական նպատակ են հետապնդում»,- ասաց նա և օրինակ բերեց, որ եթե նույնիսկ դատավոր Ալեքսանդր Ազարյանի (ում որոշմամբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանքից ազատվել էր) կայացրած որոշումն իշխանության և հանրության ստվար զանգվածին հաճո չէր, նա պետք է դառնար այդ էտալոնային դատաավորը, որին պետք է փայփայեին` հիմնավորելով, որ արդարադատություն իրականացնող դատավորը հենց այսպիսին պետք է լինի և չտրվի իշխանության ճնշումներին, հանրության պահանջներին:
«Հանրության պահանջով իրականացված արդարադատությունը դա անարխիան է: Արդարդատությունը պետք է իրականացվի օրենքի և դատավորի ներքին համոզման վրա»,- ասաց նա և նշեց, որ այս ամենը ցույց է տալիս, որ իշխանությանը պետք չէ արդար և ազնիվ դատավոր:
«Իշխանությունն իր քայլերը չվերանայելու պարագայում ՀՀ-ն միայն հռչակված է լինելու որպես ժողովրդավարական և իրավական պետություն, մենք չենք ունենալու եվրոպական ստանդարտներին համապատասխանող պետություն»,- ասաց նա և նշեց, որ դատական համակարգում թեև կան արատավոր երևույթներ, բայց համակարգային ճգնաժամ չի տեսնում:
