Միքայել Մինասյանի դիտարկումներում միտք, բովանդակություն կա, իսկ մեր իշխանությունները միայն «ասֆալտին փռելու» կոչեր են անում. ՀՀ վաստակավոր նկարիչ
Tert.am-ը զրուցել է ՀՀ վաստակավոր նկարիչ Արարատ Սարգսյանի հետ:
-Պարոն Սարգսյան, Ամուլսարի հանքի շահագործմանը կառավարության տված դրական եզրակացությունից հետո, Հայաստանում ներքաղաքական կյանքը զգալիորեն լարվել է, հետևո՞ւմ եք զարգացումներին:
-Անշուշտ, հետևում եմ: Իրավիճակն այնքանով է պայթյունավտանգ, որ չիրականացան մարդկանց ունեցած սպասումները: Բաղրամյան պողոտայի վերջին դեպքերը զարհուրելի էին, հիասթափեցնող: Ես զարմանում եմ, թե ինչպես էին ոստիկանները քաշքշում կանանց, աղջիկներին, որոնք վաղը այս երկրի համար պետք է զինվորներ ծնեն: Ոստիկանները չէին խնայում ու ոտնատակ էին տալիս անգամ հեղափոխության օրերին սիմվոլ դարձած կանանց: Էդ նույն երեխեքն էին հեղափոխություն անում, նրանք ուղղակի քեզ էին ընտրել՝ որպես ծառայող:
Ես կարծում եմ՝ ի սկզբանե սխալ է եղել անհանդուրժողականության սերմանումը հասարակության մեջ՝ նկատի ունեմ սևերի ու սպիտակների բաժանումը: Անընդհատ խոսում են հեղափոխությունից, բայց հեղափոխություն ասելով ես հասկանում եմ Նապոլեոնի հեղափոխությունը: Ինքը պարտվեց, իրեն աքսորեցին, բայց իր գաղափարները մնացին պատմության մեջ: Հիմա ինչ ենք տեսնում. ո՞վ է մեր հեղափոխություն անողը. ինքը հաղթում է, գաղափարները՝ պարտվում: Շատ խելացի մարդիկ կան, հեղափոխական ճառեր ասողներ կան, բայց երկիր զարգացնելու համար մի ուրիշ տեսակ բնավորություն է պետք, զսպվածության, կոմպրոմիսի մշակույթ է պետք: Ինձ, օրինակ, շատ է դուր եկել դեսպան Մինասյանի հավասարակշռված դիտարկումները, որոնցում միտք, բովանդակություն կա, իսկ մեր իշխանությունները միայն «ասֆալտին փռելու» կոչեր են անում:
-Նկատի՞ ունեք Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին:
-Այո, երկար ժամանակ է՝ հետևում եմ նրա գործունեությանը և, ի դեմս իրեն, տեսնում եմ փայլուն կրթություն ունեցող, դիվանագիտական հրաշալի կարողություններ ցուցաբերող մարդու: Ես, առհասարակ, մարդկանց գնահատում եմ գործով: Ոչ հեռու անցյալում բոլորս ականտես եղանք հայ ժողովրդի հոգևոր զարթոնքին, որի թագն ու պսակը կաթոլիկ եկեղեցու առաջնորդի հայաստանյան ուխտագնացությունն էր: 1000 տարուց ավելի է՝ կաթոլիկ աշխարհը մեզ այդքան լուրջ չէր ընդունել: Եվ ահա պատարագ Վատիկանի Սբ. Պետրոսի տաճարում. անհավանական բան էր:
Հայաստանի այն իմիջը, որ Միքայել Մինասյանը ստեղծեց Սուրբ Աթոռում դեսպան լինելու ընթացքում, մեզ դեռ կհերիքի 40-50 տարի: Կպատկերացնեի՞ք, որ մի օր Նարեկացին կհռչակվեր Տիեզերական վարդապետ կամ որ սրբադասվեցին ցեղասպանության զոհերը, այնուհետև Հռոմի պապը ուխտագնացության կգա Հայաստան ու պատարագ կմատուցի Գյումրիում: Ինձ համար, որպես գյումրեցի, անհավանական բան էր:
Հռոմում ինչ-որ բան անելն այնքան էլ հեշտ չէ, իսկ Մինասյանը կարողացավ արխիվներ բացել ու աշխարհին ներկայացնել Հայաստանը, պատմել հայկականության մասին: Բնական ռեսուրսներ ու հարստություն չունենալու պայմաններում՝ մեզ պետք են նրա պես մարդիկ, որոնք մեզ ճանաչելի կդարձնեն: Արվեստագետի իմ բնազդը հուշում է, որ Մինասյանի նման գործչին կհաջողվեր մեր ունեցած միակ ռեսուրսը՝ արվեստը, աշխարհում հանրահռչակել: Եվ նրա վերջին հոդվածում ես տեսա մտահոգ մարդու: Ես տեսա, որ նրա տրամաբանությունը առողջ է ու առաջ տանող: Նրա ծրագրերը միտված են ապագային:
-Ձեզ այդքան տպավորել են նրա հոդվածները, բայց շատերին զարմացնում է նրա վերջին շրջանում մեծացող ակտիվությունը, ըստ Ձեզ, ինչո՞վ է դա պայմանավորված:
-Ես կարծում եմ՝ ժամանակի հրամայականով։ Մենք հիմա մի աղետալի ճանապարհի վրա ենք, որի վերջում բոլորս սկսելու ենք իրար փոխադարձ մեղադրել, թե ինչո՞ւ էինք լուռ այս ամբողջ ընթացքում: Ես, դուք, Մինասյանը, բոլորս պարտավոր ենք խոսել սխալների մասին, որոնք կան ու առաջարկել այլընտրանք: Ես կողմնակից եմ առաջընթացի և հասարակության առողջացման:
-Ասացիք, որ աղետի ճանապարհին եք: Ըստ Ձեզ, որն է այդ ճանապարհը շրջանցելու բանաձևը:
-Ամենակարևորը, վերջապես պետք է սև-սպիտակը մտքներիցս հանենք, մի բուռ հայ ենք ու բոլորս բարեկամ: 1,5 տարի է՝ բացի գոռոցից ու ասֆալտին փռելու կոչերից, ուրիշ բան չենք լսում: Ես ու կինս վախենում ենք նույնիսկ հեռուստացույց միացնել: Չի կարելի էդպես: Ինչո՞ւ եք գոռում: Մաքիավելին ասում է. «Սովորական մարդն, ով աննկատ է, ուրիշ է, երբ նրան սկսում են նկատել, կարևորել, այլ է»: Երեկ մենք տեսանք դրա ապացույցը. ,ի տարի առաջ կարելի էր նույն ոճով ընդվզել, իսկ այսօր պատժում է նույն բանի համար նույն մարդկանց: Մենք ժամանակ չունենք, մենք պետք է շատ ուշադիր լինենք, պետք է տեսնենք մեր կողքի խելացի մարդկանց: Մեզ պետք չեն ավելորդ գոռացողներ, անհիմն ոգևորվողներ: Ես ուզում եմ մենք տեսնենք մեր միջի այն մարդուն, ով կարող է մեր երկիրն առաջ տանել:
