Թրամփը հերքել է, թե կապ ունի իր մերձավորների գործերը քննող դատախազի՝ աշխատանքից հեռացման հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է, թե կապ ունի Նյու-Յորքի Հարավային օկրուգի դատախազ Ջեֆֆրի Բերմանի՝ աշխատանքից հեռացվելու հետ, որը ղեկավարում էր նախագահի մի քանի մերձավորների նկատմամբ հարուցված գործերի քննությունը, հայտնում է РИА Новости-ին:
Ավելի վաղ ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարրը հայտարարել էր, թե դատախազին իր միջնորդության հիման վրա նախագահ Թրամփն է աշխատանքից հեռացրել:
Գլխավոր դատախազը Բերմանի հեռանալու անհրաժեշտության մասին նախօրեին էր հայտարարել, սակայն վերջինը հակադարձել էր, թե նման մտադրություն չունի: «Ես զարմացած էի և խիստ հիասթափված Ձեր հայտարարությունից: Քանի որ հրաժարվել եք կամովին աշխատանքից հեռանալուց, ես միջնորդել եմ նախագահին, որպիսի հեռացնի Ձեզ զբաղեցրած պաշտոնից, ինչը նա արել է», - ի պատասխան հայտարարել է Ուիլիյամ Բարրը:
Պաշտոնից հեռացված դատախազը ղեկավարում էր Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Քոենի նկատմամբ իրականացվող քննությունը. վերջինն իրեն մեղավոր էր ճանաչել նախընտրական քարոզչության ֆինանսավորման կանոնները խախտելու, հարկերը թաքցնելու, Կոնգրեսում կեղծ վկայություններ տալու, ինչպես նաև՝ 2016թ-ի նախագահական քարոզարշավի ժամանակ պոռնոդերասանուհի Ստեֆանի Քլիֆորդին (կեղծանունը՝ Սթորմի Դենիելս) Թրամփի հետ ունեցած սեքսուալ կապի մասին լռության դիմաց 130.000 դոլար վճարելու հարցում միջնորդելու դեպքերով և դատապարտվել է 3 տարվա ազատազրկման:
Բերմանը զբաղվել է նաև Լև Պարնասի, Իգոր Ֆրումանի դեմ հարուցված գործերով, որոնք մեղադրվում են ուկրաինացի անանուն պաշտոնյաների և ռուսական ձեռնարկությունների կողմից ամերիկացի քաղաքական գործիչներին անօրինական նվիրատվություններ կատարելու համար: Մի շարք լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այդ նվիրատվություններից, հնարավոր է, մասնաբաժին է ունեցել նաև Թրամփի շտաբը:
