Բայդենը Պուտինին առաջարկել է ամռանը հանդիպել Եվրոպայում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է հանդիպել ամռանը՝ Եվրոպայում, հաղորդում է ТАСС-ը:
«Երբ խոսում էի նախագահ Պուտինի հետ, համոզմունք հայտնեցի, որ անձնական, ուղիղ հաղորդակցությունը մեր միջև շատ կարևոր է, այդ թվում՝ հարաբերությունների արդյունավետությունը մեծացնելու առումով: Նա համաձայնեց ինձ հետ: Այդ առումով ես նրա առաջարկեցի ամռանը հանդիպել Եվրոպայում գագաթնաժողովի շրջանակում, որպեսզի քննարկենք մեր երկրների համար օրակարգային հարցեր»,- ասել է Բայդենը:
ԱՄՆ նախագահն ասել է, որ իր և Պուտինի աշխատակազմերը հենց այժմ աշխատում են այդ ուղղությամբ: Նրա խոսքով՝ Պուտինին ինքն առաջարկել է սպասվող հանդիպմանը ժամանակ քննարկել ռազմավարական կայունության հարցը:
«Այդ գագաթնաժողովում ԱՄՆ-ը և Ռուսաստանը կարող են երկխոսություն սկսել ռազմավարական կարևորության շուրջ՝ սպառազինությունների վերահսկման և անվտանգության հարցերում: Մենք կարող են լուծել գլոբալ կարևորագույն մարտահրավերները, որոնք Ռուսաստանից և ԱՄՆ-ից պահանջում են համատեղ աշխատել, այդ թվում՝ Իրանի և ԿԺԴՀ-ի կողմից միջուկային սպառնալիքների, կլիմայի փոփոխությունների ոլորտներում»,- նշել է ԱՄՆ նախագահը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ: Սպիտակ տունը հայտնել է Վաշինգտոնում Ռուսաստանի դիվանագիտական առաքելության 10 աշխատակցի արտաքսելու որոշման մասին:
Չորեքշաբթի Bloomberg-ը հայտնել էր, որ Վաշինգտոնը մտադիր է 12 ռուսաստանցու և 20 ռուսական կազմակերպություն ներառել «սև ցուցակում» և 10 ռուսաստանցի դիվանագետի վտարել: Որպես պատճառ նշվել են կիբերհարձակումներն ու ընտրությունների ժամանակ Մոսկվային վերագրվող միջամտությունները: Ռուսաստանը բազմիցս հերքել է այս մեղադրանքները:
Գործակալության տվյալներով, նոր պատժամիջոցները կներառեն սահմանափակումներ կապված սուվերեն պարտքի հետ, մասնավորապես, ԱՄՆ-ն նախատեսում է արգելք սահմանել Ռուսաստանի Կենտրոնական բանկից և Ռուսաստանի ֆինանսների նախարարությունից, ինչպես նաև Ազգային բարեկեցության հիմնադրամից ամերիկյան ֆինանսական հաստատությունների կողմից պարտքային արժեթղթերի գնման վրա: