Ղրղզստանի առողջապահության նախարարն ասուլիսի ժամանակ մահացու թունավոր բույսի արմատից պատրաստված թուրմ է խմել` խորհուրդ տալով դրանով բուժել կորոնավիրուսը (լուսանկար)
Ղրղզստանում կորոնավիրուսով հիվանդներին սկսել են բուժել «իսիկ-կուլ» (ջունգարյան ակոնիտ) թունավոր բույսի արմատից պատրաստված թուրմով:
Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Ալիմկադիր Բեյշենալիևը և որպես ապացույց մամուլի ասուլիսի ընթացքում անձամբ խմել բույսից ստացված թուրմը, գրում է lenta.ru-ն:
Նախարարն ասել է, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը COVID-19-ի բուժման համար այս մեթոդն առաջարկել է դեռ անցյալ տարվա մարտին: Հուլիսին նախարարն իր հարազատներին էր տվել բույսից ստացված թուրմը, որը խմելուց հետո վերջիններս սկսել են իրենց լավ զգալ:
Նշվում է՝ թուրմով հիվանդների բուժումը սկսվել է կորոնավիրուսի երկրորդ ալիքի ժամանակ: 300 մարդ արդեն ապաքինվել է:
Նախարարը մանրամասնել է, որ ինքն անձամբ է ղեկավարում գործընթացը և որոշում դեղաքանակը, քանի որ «յուրաքանչյուր արմատ տարբերվում է մյուսից»:
Երկրի նախագահը բժիշկների համար նույնիսկ դասախոսություն է կարդացել, թե ինչպես խմել թուրմը, որպեսզի չմեռնել: Օրինակ, այն սառը վիճակում օգտագործելն անթույլատրելի է:
Ասուլիսից հետո որոշ լրագրողներ, որոնք կանգնած են եղել այն տեղի մոտ, որտեղ եռացրել են թուրմը, սկսել են իրենց վատը զգալ: Այս առնչությամբ Բեյշենալիևը պարզաբանել է, որ «նրանք, հավանաբար, հոգեբանորեն պատրաստ չեն եղել»: Բացի այդ, նա բացատրել է, որ տաք եփուկը յուրահատուկ հոտ ունի:
«Նրանք ուղղակի մտածել են, որ կմահանան և այդ պատճառով սկսել են իրենց վատ զգալ»,- ասել է առողջապահության նախարարը: