Եթե ստեղծվի քննիչ հանձնաժողով, այն ղեկավարելու է Անդրանիկ Քոչարյանը և ավելի վատ ճակատագիր է ունենալու, քան ապրիլյան քննիչ հանձնաժողովը. Էդմոն Մարուքյանը՝ Օնիկ Գասպարյանի հայտարարության մասին
Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությունը շատ ուշացած է, որովհետև հրադադարի ստորագրումից անմիջապես հետո ԼՀԿ-ն սկսել էր խոսել փաստահավաք պարիտետային հանձնաժողով ստեղծելու մասին: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ խոսելով ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի այն կոչի մասին, որտեղ նա ասում է, որ պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով, որպեսզի տրվեն բոլոր հարցերի պատասխանները:
Էդմոն Մարուքյանը նշեց, որ իրենց գրեթե բոլոր առաջարկներն այս ուղղությամբ մերժվել են և հիմա, երբ Օնիկ Գասպարյանը կոչ է անում քննիչ հանձնաժողով ստեղծել, պետք է հաշվի առնի, որ արդեն կա մեկ քննիչ հանձնաժողով Ապրիլյան պատերազմի պարագայում, և եթե հիմա նոր քննիչ հանձնաժողով ստեղծվի, ապա այն պետք է ղեկավարի Անդրանիկ Քոչարյանը, ըստ նրա, ավելի վատ ճակատագիր է ունենալու, քան Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը:
«Եթե Օնիկ Գասպարյանը վստահում է Անդրանիկ Քոչարյանին, ուրեմն, թող ստեղծվի այդ հանձնաժողովը: Ես ուղղակի զարմանում եմ այս հայտարարությունից, մենք այս իշխանություններին այս մասով ոչինչ չենք վստահում, կարծում եմ, որ պարոն Գասպարյանը ևս չի վստահում, որովհետև հայտարարել էր, որ խեղաթյուրել են ԱԽ-ի նիստի իր արձանագրությունները»,- ասաց նա և հավելեց, որ այս պարագայում միայն պարիտետային հանձնաժողով ստեղծելը կարող է օգնել:
«Կամ ավելին ձեզ ասեմ. արդեն վեց ամիս է՝ այս թեման քննարկվում է, Օնիկ Գասպարյանը նոր է որոշե՞լ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին, ժողովուրդ, խորհրդարանը ցրվում է, ի՞նչ հանձնաժողով, այս ընտրությունից հետո նրանք այլևս իշխանություն չեն լինելու, ինչի մասին է խոսքը»,-շեշտեց նա:
Խոսելով երեկ ԱԽ-ի կողմից հրապարակած ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի զեկույցի վերաբերյալ գաղտնազերծված փաստաթղթերի թեմայի մասին՝ Մարուքյանը նշեց, որ չի կարող մեկնաբանել, քանի որ երկու կողմ պարզապես վիճում են և ինքը պարզապես կարող է ասել, որ հրապարակեն ամբողջ փաստաթուղթը:
Մանրամասները՝ տեսանյութում։