ԵԱՏՄ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության գործընթացը Հայաստանից հետևողական դիվանագիտական աշխատանք է պահանջվելու. Աննա Կարապետյան (տեսանյութ)
Հայաստանից հետևողական դիվանագիտական աշխատանք է պահանջվելու ԵԱՏՄ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության գործընթացում: Այս մասին «Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման «Հայացք. Երկրագունդ» խորագրի ներքո ասել է «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը:
«Ադրբեջանը ԵԱՏՄ կազմում տեսնելու ցանկությունը նոր չէ ԵԱՏՄ որոշ անդամների համար, ինչը հասկանալի է, քանի որ միությունը ընդլայնման նպատակներ ունի, Ադրբեջանը բավական մեծ տնտեսություն ունի, տարածաշրջանում իր էներգետիկ ռեսուրսներով բավական կարևոր դեր է խաղում: Բնական է, որ տնտեսական ու քաղաքական նկատառումներով ԵԱՏՄ առանձին երկրներ ուզում են տեսնել Ադրբեջանը ԵԱՏՄ կազմում»,- ասել է նա:
Փորձագետն ընդգծել է. «Դրան զուգահեռ, սա չի նշանակում, որ մասնավորապես ՌԴ-ն, որը լոկոմոտիվն է կառույցի, չունի և չի տեսնում միջնաժամկետ ու երկարաժամկետ ռիսկեր Ադրբեջանի անդամակցությունից»:
Կարապետյանի կարծիքով՝ միանշանակ չէ, որ Հայաստանը պետք է իսկզբանե վետո կիրառի Ադրբեջանի հնարավոր անդամակցության նկատմամբ, հետևողական ու նուրբ դիվանագիտական աշխատանք է պահանջվելու: «Գործող իշխանությունից դա ակնկալել ուղղակի անիրատեսական է»,- ընդգծել է նա:
«Ադրբեջանի հնարավոր անդամակցությունը ԵԱՏՄ-ին բազմափուլ և երկար գործընթաց է լինելու, որի յուրաքանչյուր փուլում Հայաստանը պետք է կարողանա առաջ մղել իր շահերը, պահանջներ առաջադրել և արդյունքում էլ ավելի մեծացնել սեփական դերն ու հեղինակությունը կառույցում և տարածաշրջանում»,- նշել է քաղաքագետը:
Անդրադառնալով օրերս Բաքվում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարություններին, Աննա Կարապետյանն ասել է. «Բելառուսի նախագահի այցը Բաքու անմիջապես հաջորդեց Բաքվում խայտառակ «ռազմավարի պուրակի» բացմանը: Եվ Լուկաշենկոն, որը մեզ բարեկամ, դաշնակից երկրի նախագահն է, գտնվելով Բաքվում՝ ոչ միայն չքննադատեց ուժի կիրառումը հայ ժողովրդի նկատմամբ, պուրակի բացումը, այլև դրական խոսքեր հնչեցրեց Ալիևի հասցեին, նրան եղբայր անվանեց, շնորհավորեց պատերազմն ավարտելու կապակցությամբ և այլն»:
«Ստացվում է՝ մեր դաշնակից երկրի ղեկավարը ոչ միայն չի քննադատում Ադրբեջանի ֆաշիստական քայլերը, այլ որոշակի տնտեսական դիվիդենտներ ակնկալելով, գուցե Ալիևի հետ իր անձնական արժեքների համընկնումով առաջնորդվելով, անում է մի շարք խնդրահարույց հայտարարություններ»,- ասել է «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրենը:
Մանրամասները տեսանյութում: