Pfizer պատվաստանյութի ներարկումից 6-12 ամիս անց կարող է ևս մեկ դեղաչափի անհրաժեշտություն լինել
COVID-19-ի դեմ Pfizer-BioNTech պատրաստուկի երկու չափաբաժին ստանալուց 6-12 ամիս անց պատվաստում ստացածներին, հավանաբար, կպահանջվի երրորդ չափաբաժինը ներարկել, իսկ հետո հավանական է, որ հարկադրված կլինեն պատվաստվել ամեն տարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է ընկերության գործադիր տնօրեն Ալբերտ Բուռլան:
«Հավանական սցենարն այն է, որ 6-12 ամիս ժամանակամիջոցում կպահանջվի երրորդ չափաբաժինը, իսկ հետո լինելու է ամենամյա կրկնապատվաստում: Բայց այդ ամենը պահանջում Է հաստատում»,-նրա խոսքը մեջբերում է Sky news հեռուստաալիքը:
Նա ճշտել է, որ պատվաստման կանոնավորությունը կախված կլինի այն բանից, թե վիրուսի հատկապես որ հիմնամանէները կտարածվեն:
Նրա խոսքով՝ Pfizer-BioNTech պատվաստանյութն իմունիտետ է տալիս վեց ամսվա համար, սակայն պաշտպանության աստիճանը ժամանակի հետ թուլանում է: Նա հավելել է, որ մասնագետները ոչ թե կլինիկական փորձարկումների ժամանակ, այլ միայն իրական պայմաններում պետք է պարզեն, թե որքան երկար է իմունիտետը պահպանվում մարդու մոտ, որն ստացել է պատրաստուկի երկու չափաբաժինը:
Ապրիլի սկզբին Pfizer-ը և BioNTech-ը հայտարարել են, որ COVID-19-ի դեմ իրենց պատվաստանյութը 91,3 տոկոսով արդյունավետ է պատրաստուկի երկրորդ չափաբաժնի ներարկումից հետո առնվազն մինչև վեց ամիս ժամանակաշրջանում: Pfizer-ի փաստաթղթում նշվել է, որ պատվաստանյութը նաև հարյուրտոկոսանոց արդյունավետություն է ցուցաբերել կորոնավիրուսի հարավաֆրիկյան հիմնամանրէի դեմ:
Pfizer-ի և BioNTech-ի մշակած պատվաստանյութն առաջինն է հավանություն ստացել ԱՄՆ-ում և ԵՄ-ում: COVID-19-ով հիվանդությունը կանխելու գործում դրա արդյունավետությունը պատվաստանյութի երկու չափաբաժին ստանալուց յոթ օր անց գնահատում են 95 տոկոս: BioNTech-ի տվյալներով, երկրորդ չափաբաժնի ներարկումից երկու շաբաթ անց պատրաստուկի արդյունավետությունն էլ ավելի բարձր է՝ 97 տոկոս: