Եվրախորհուրդն ընդգծել է, որ պատրաստ է գործի դնել բոլոր միջոցները՝ Օսման Քավալային ազատ արձակելու համար
Եվրախորհուրդը հայտնել է, որ պատրաստ է գործի դնել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ ապահովելու համար թուրք բարերար և մարդու իրավունքների հարցերով ակտիվիստ Օսման Քավալայի ազատ արձակումը, հայտնում է Ahval-ը։
Քավալան կալանավորվել է 2017 թվականի հոկտեմբերին՝ մի շարք մեղադրանքներով, որոնք վերաբերում են 2013 թվականին Գեզի այգում տեղի ունեցած բողոքի ակցիաներին, 2016 թվականին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձին։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Քավալայի ազատման վերաբերյալ մի քանի դատավճիռ է կայացրել ՝ վկայակոչելով ապացույցների պակասն առ այն, որ Քավալան որևէ հանցանք է գործել։
Այս շաբաթ ՄԻԵԴ-ը ևս մեկ անգամ կոչ է արել ազատել Քավալային՝ հերքելով Թուրքիայի Սահմանադրական դատարանի վերջերս կայացրած դատավճիռն այն մասին, որ կալանավորման ընթացքում Քավալայի իրավունքները չեն խախտվել։
ՄԻԵԴ-ի պնդմամբ, Թուրքիան իր գործողություններով խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 46-րդ հոդվածը, որը համապատասխանություն է պահանջում ՄԻԵԴ-ի վճիռներին։
Եվրախորհուրդը հայտարարել է, որ հնարավոր պատժամիջոցները ներառում են խորհրդի կողմից Թուրքիային ձայնի իրավունքից զրկելը կամ եվրոպական մարմնից լիովին հեռացնելը:
Թուրքիան Եվրախորհրդից վերջին անգամ հեռացվել է 1981 թվականի ռազմական հեղաշրջումից հետո ժողովրդավարական կառավարություն չձևավորելու նպատակով: