«Perseverance» մարսագնացին կցված «Ingenuity» ուղղաթիռի առաջին թռիչքը, հավանաբար, ապրիլի 19-ին կիրականացվի. մասնագետները փորձելու են դրան ամրակցված տեսախցիկով նկարահանել Մարսի մակերևույթը
«Perseverance» մարսագնացի հետ միասին Կարմիր մոլորակ ուղարկված «Ingenuity» թռչող սարքի առաջին փորձարկումները, հավանաբար, ապրիլի 19-ին կիրականացվեն, հաղորդում է ՆԱՍԱ-ն:
Փորձարկումը պետք է մեկնարկի Երևանի ժամանակով 11:30-ին, իսկ տվյալները Մարսից Երկիր մոլոր կհասնեն մի քանի ժամվա ընթացքում: Եթե թռչող սարքի փորձարկումը չհետաձգվի, ՆԱՍԱ-ի մասնագետները ճեպազրույցով հանդես կգան:
Թռիչքը նախապես ապրիլի 11-ին էր նախանշված, բայց մի քանի անգամ այն հետաձգվեց: Մարտ սկզբին դրա կոնստրուկտոր Բոբ Բելարամը հայտարարել էր, որ թռչող սարքը բավական փխրուն է և մոլորակի մակերևույթին ընկնելու դեպքում կարող է անշտկելի վնասվածքներ ստանա՝ անհնար դարձնելով դրա հետագա շահագործումը Մարսի վրա:
Սարքավորման թռիչքի արդյունքում մասնագետները փորձելու են դրա վրա ամրակցված տեսախցիկի օգնությամբ լուսանկարներ ստանալ, որոնց միջոցով հնարավոր կլինի Մարսի մակերևույթի տարբեր հատվածների խորքային ուսումնասիրություն իրականացնել:
«Perseverance» մարսագնացը Մարսի վրա վայրէջք էր կատարել այս տարվա փետրվարի 19-ին՝ Երկիր մոլորակից արձակվելուց վեց ամիս անց: Մարսագնացի առջև մի շարք առաջադրանքներ են դրված՝ պետք է Մարսի վրա կյանքի առկայության հետքեր փնտրվեն, Կարմիր մոլորակից ձայնային հաղորդագրություններ ուղարվեն Երկիր, Ջեզզոյի խառնարանի ուսումնասիրություն, որի տեղում 3.9 միլիարդ տարի առաջ լիճ է գոյություն ունեցել: Մարսագնացը պետք է նաև նույն վայրում միկրոբրածոների որոնողական աշխատանքներ կատարի: