Բոլոր նրանք, ովքեր տրվելով իշխանությունների ճնշումներին, կգնան ընտրության, սրբագրելու են Փաշինյանի մեղքերը, կիսելու են Արցախի մեծ մասը հանձնելու և հազարավոր զոհերի պատասխանատվությունը. Է․ Վարդանյան
Այսօրվա իշխանության, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպվող ընտրություններն արդեն իսկ մտահոգիչ է, դա ներքին վտանգ է, որ սպառնում է մեզ, քանի որ միամտություն է ստի և կեղծիքի իշխանությունից սպասել այլ բան, քան ընտրությունների կեղծումն է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը՝ անդրադառնալով ԱԺ արտահերթ ընտրություններին:
Նա նկատեց, որ արդեն տեսնում ենք իշխանության կողմից իրականացվող քարոզարշավ, վարչական ռեսուսրի օգտագործում: Ինչ վերաբերում է իշխանության կողմից տրվող այն հակադարձմանը, որ այս իշխանությունները ցույց են տվել, որ ընտրություն չեն կեղծում, էլինար Վարդանյանն ասաց.
«Մենք արդեն ականատես ենք իրենց կողմից ընտրակեղծիքների մեխանիզմների կիրառմանը, դեռևս չնշանակված ընտրությունների պարագայում տեսնում ենք ինչպես է նախընտրական քարոզչության հռետորաբանությամբ մարզից մարզ շրջում Փաշինյանը, տեսնում ենք բազմաթիվ քրեական գործեր և մինչև ընտրությունները, վստահաբար, լինելու են նորերը: Բառացի հայտարարությունները, որ չենք կեղծել, չենք կեղծելու, որևէ վստահություն ներշնչել չեն կարող»։
Էլինար Վարդանյանը նշեց, որ այս 2,5 տարվա ընթացքում որևէ ճիշտ բառ չենք լսել ո՛չ իշխանության, ո՛չ Նիկոլ Փաշինյանի կողմից: «Հետևաբար պատերազմ կեղծող, զոհերի թիվը կեղծող, գերիների թիվը կեղծող և ընդհանրապես բոլոր հնարավոր ոլորտները կեղծող իշխանություններից արդար և թափանցիկ ընտրություններ ակնկալել հնարավոր չի լինելու»,-ասաց նա և հավելեց, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության մնալը պատերազմից հետո Հայաստանի համար միայն վտանգներով լի է եղել:
«Նոյեմբերից հետո մեր երկիրը կանգնել է լուրջ խնդիրների առաջ և պատճառներից գլխավորն այն է, որ Փաշինյանը կառչել է վարչապետի աթոռից՝ հասկանալով, որ դա իր համար կենսական նշանակություն ունի»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե արդյոք դա նաև ընդդիմության թերացումը չէ, Էլինար Վարդանյանն ասաց.«Ասել, որ ընդդիմությունն արել է այն, ինչ կարող է, սխալ կլինի, որովհետև այն, որ դեռևս Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ վարչապետի աթոռին, դա բոլորի թերացումն է, դա տանը դիտորդի կարգավիճակում նստած մարդկանց թերացումն է, անվերապահորեն Փաշինյանի ստերին հավատացողների թերացումն է, դա ընդդիմության ոչ ճիշտ կազմակերպված, ոչ ճիշտ բովանդակությամբ պայքարի հետևանքն է, դա Փաշինյանի հետ ընտրությունների հարցում ինչ-որ պայմանավորվածությունների գալու հետևանքն է: Ի վերջո` ամենալուրջ խնդիրը, որ ծառացած է ՀՀ-ի առջև, դա այն է, որ մեր հասարակությունը չի գիտակցում, որ իրենց անտարբերության պայմաններում դեռևս չի վերացել պատերազմի վտանգը, որ եթե այսպես շարունակվի, այս իշխանության ապաշնորհության, անճարության, ապիկարության պատճառով, մի օր էլ Երևանում կարող են հայտնվել ադրբեջացնիները և թուրքերը, որովհետև պարտված երկրի կապիտուլյանտ ղեկավարին նսեմացնելուց, ստորացնելուց բացի, որևէ պետություն լուրջ չի վերաբերվում մեզ»,-ասաց նա:
Էլինար Վարդանյանն ասաց, որ Փաշինյանը այսօր իր անգրագետ գործողությունների, կապիտուլյացիայի հետևանքով դուրս է մնացել բոլոր տարածաշրջանային գործընթացների:
«Այս ընտրությունը լինելու է Թուրքիայի թեկնածուի և Հայաստանի թեկնածուի միջև։ Եվ ես սա չակերտներում չեմ ասում։ Պարզապես բոլոր նրանք, ովքեր գնալու են ընտրության՝ տրվելով այս իշխանության վարչական ճնշումներին, սուտ խոստումներին, կեղծիքներին, և ձայն կտան Փաշինյանին, նրանք կիսելու են Փաշինյանի հետ պատասխանատվությունը, ընդունելու են Փաշինյանի կողմից Արցախի հսկայական հատվածը ադրբեջանցիներին հանձնելու, հազարավոր զոհերի, հազարավոր երիտասարդների խեղված ճակատագրերի պատասխանատվությունը, այդ ընտրողները սրբագրելու են Փաշինյանի մեղքերը, որոնք մեր երկիրը կանգնեցրին խորը ճգնաժամի և փլուզման վտանգի առաջ: Դատելով արդեն իսկ եղած զարգացումներից և կեղծիքների համակարգից, որ օգտագործելու է Փաշինյանը և իր թիմը, թափանցիկ, արդարացի ընտրությունների կանխատեսում անել պետք չէ»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ արտաքին վտանգներ կարող են լինել, երբ բոլոր քաղաքական ուժերի, հատկապես իշխանության ուշադրությունն ուղղված է ընտրություններին, Էլինար Վարդանյանը նշեց. «Մեր տարածաշրջանում նոր դասավորումներ են տեղի ունենում, և մենք դուրս ենք մնացել այդ զարգացումներից, իշխանությունները նույնիսկ չեն կարողանում լուծել գերիների հարցը և ակնկալել, որ որևէ մեկը հաշվի է նստելու այս իշխանությունների հետ, կլինի միամտություն: Քանի դեռ իշխանության է պարտվող թիմը, քանի դեռ իշխանության գլխին Փաշինյանն է, դա Հայաստանի Հանրապետության համար հղի է և ներքին, և արտաքին բազմաթիվ վտանգներով»,-ասաց նա: