«Անհրաժեշտ է 2 կողմից էլ դադարեցնել բռնության գործողությունները». Պուտինը դիմել է Իսրայելին և Պաղեստինին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Իսրայելին և Պաղեստինին կոչ է արել դադարեցնել զինված հակամարտությունը: Ինչպես նշում է gazeta.ru-ն, Պուտինն այս մասին ասել է օտարերկրյա դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ:
ՌԴ ղեկավարն ընդգծել է, որ հակամարտության նոր սրումը մեծ թվով զոհերի է հանգեցրել խաղաղ բնակչության, այդ թվում` երեխաների շրջանում:
«Մենք անհրաժեշտ ենք համարում դադարեցնել երկու կողմերի բռնության գործողությունները և ակտիվորեն լուծում փնտրել` հիմնված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևի և միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված սկզբունքների վրա»,-ասել է Պուտինը:
Աղբյուրը հիշեցնում է, որ մայիսի 17-ին, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ՌԴ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը դատապարտել են իսրայելցիների և պաղեստինցիների հարվածները քաղաքացիական օբյեկտներին:
Հիշեցնենք՝ պաղեստինցիների և իսրայելցիների միջև անցյալ շաբաթ սկսված բախումների հետևանքով պաղեստինյան կողմում զոհերի թիվը հասել է 212-ի, որոնցից 61-ը` երեխա և 34-ը` կին, վիրավորվել է մոտ 1500 պաղեստինցի, իսկ իսրայելական կողմում զոհերի թիվը 10-ն է, այդ թվում՝ 2 երեխա։
Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը:
Իսրայելի բանակը հայտարարել Է, որ ոչնչացրել Է ՀԱՄԱՍ-ի հետախուզության հանգուցային դեմքերի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավարին ու նրա տեղակալին: