Հնդկական թեյի գները կարող են բարձրանալ COVID-19-ի և երաշտի պատճառով. Financial Times
Հնդկաստանի թեյի բերքն այս տարի սպառնալիքի տակ է: Դա պայմանավորված է ինչպես ծայրահեղ շոգով, այնպես էլ երաշտով և երկրում COVID-19-ի բռնկմամբ, գրում է Financial Times-ը:
Տեղի իշխանությունների տվյալներով՝ Ասամ նահանգում, որը երկրի առաջատարն է թեյի արտադրության գործում, առնվազն 90 թեյի պլանտացիաներում, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի շուրջ 500 դեպք է գրանցվել: Այնուամենայնիվ, բռնկման իրական չափը պարզելու համար պլանտացիաների տերերի կարծիքով՝ ավելի շատ թեստեր են անհրաժեշտ:
Բացի այդ, Ասամը և Հնդկաստանի հյուսիս-արևելքում թեյի արտադրությամբ զբաղվողներն այս տարի արդեն բախվել են ծանր երաշտների:
Թեյ արտադրողները նշում են, որ եթե COVID-19 բռնկումը ժամանակին չկարգավորվի, դա, երաշտի հետ, բացասաբար կանդրադառնա բերքի վրա և, համապատասխանաբար, կհանգեցնի հնդկական թեյի գնի բարձրացմանը:
Ըստ թեյի արտադրությամբ զբաղվող Van Rees ընկերության տվյալների՝ մարտ ամսին Հյուսիսային Հնդկաստանում թեյի արտադրությունը կազմել է 47 միլիոն կգ, ինչը ավելին է, քան 2020 թվականին արտադրվածը, բայց զգալիորեն պակաս է 2019 թվականից, երբ արտադրվել էր մոտ 60 միլիոն կգ:
Ըստ Mintec վերլուծական ընկերության՝ ապրիլին Կալկաթայում տեղի ունեցած աճուրդում թեյի գները աճել են ավելի քան 40 տոկոսով՝ նախորդ ամիսների համեմատ:
Հիշեցնենք՝ Հնդկաստանը Չինաստանից հետո աշխարհում երկրորդ խոշորագույն թեյ արտադրողն է: Տեղական արտադրությունն անցյալ տարի մի քանի շաբաթով դադարացվել էր վատ եղանակային պայմանների և համավարակի պատճառով:
Ըստ Mintec-ի վերլուծաբան Իբի Իդոնիբոյեի՝ հնդկական թեյի հետ կապված խնդիրները կարող են լրացուցիչ հնարավորություններ ստեղծել թեյի այլ արտադրողների, օրինակ՝ Շրի Լանկայի համար: