Կիևի քաղաքապետի տան մոտ են ժամանել Ուկրաինայի ԱԾ-ի մոտ 20 զինված աշխատակիցներ, որոնք պատրաստվում են խուզարկություն կատարել․ ԶԼՄ-ներ
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի տան մոտ են ժամանել համազգեստով և զինված մոտ 20 մարդ․ նախնական տվյալներով՝ նրանք Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցներ են, որոնք Կլիչկոյի տուն են ժամանել խուզարկություններ կատարելու նպատակով, իր աղբյուրներին հղումով գրում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն։
Կիևի քաղաքապետի տան մոտ գտնվող ուժայինների մասին Facebook-ում հայտնել է նաև լրագրող Յուրի Բուտուսովը։
«Քաղաքապետարանի աղբյուրների խոսքով՝ Կլիչկոն ժամը 7:00-ին դուրս է եկել մարզման և չի հանդիպել խմբին, որի ինքնությունը դեռևս պարզ չէ։ Քաղաքապետի բնակարան դեռ ոչ ոք չի մտել»,- գրել է Բուտուսովը։
Նա հավելել է, որ ուժայինների խումբը Կլիչկոյի տուն է ժամանել մոտավորապես 7։30-ին։ Ականատեսները պնդում են՝ շենքի մուտքում մոտ 20 մարդ է գտնվում։
Վերջերս իրավապահ մարմինները խուզարկություններ են կատարել մայրաքաղաքի գրեթե բոլոր ձեռնարկություններում, ինչի կապակցությամբ Կլիչկոն հայտարարել է՝ դա ճնշում է իր և քաղաքային իշխանությունների վրա։
Դրա հետ մեկտեղ Կլիչկոն նշել է, որ իր թիմը հակակոռուպցիոն գործունեության առումով մշտապես համագործակցում է իրավապահ մարմինների հետ, սակայն զանգվածային խուզարկություններն իրականացվում են տեղական իշխանությունների ներկայացուցիչներին «դաս տալու նպատակով»։