«Ռոսկոմնադզոր»-ը հրաժարվել է ՌԴ-ում Twitter-ն արգելափակելու մտքից. սոցցանցի աշխատանքի դանդաղեցումը կպահպանվի միայն շարժական սարքերի դեպքում
«Ռոսկոմնադզոր»-ն ամբողջությամբ չի արգելափակի Twitter-ը Ռուսաստանում, ասված է գերատեսչության հրապարակած հայտարարության մեջ:
Նշվում է՝ Ռուսաստանում սոցիալական ցանցի դանդաղեցման մեկնարկից անցած երկու ամիսների ընթացքում մոդերատորները ջնջել են արգելված տեղեկատվություն պարունակող հաղորդագրությունների ավելի քան 91 տոկոսը, իսկ սոցիալական ցանցի ղեկավարությունը պաշտոնապես հայտարարել է, որ «ամբողջությամբ կիսում է գերատեսչության գործողությունները սոցիալապես վտանգավոր բովանդակության դեմ պայքարի հարցում և կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները դրանք վերացնելու համար»:
Բացի այդ, «Ռոսկոմնադզոր»-ը հայտարարել է նաև, որ Twitter-ը չի դանդաղեցվի թե՛ ֆիքսված, թե՛ Wi-Fi ցանցերից օգտվելու դեպքում: Դանդաղեցումը կշարունակվի միայն շարժական սարքերից օգտվելու դեպքում:
Հիշեցնենք՝ ներկայում ՌԴ տարածքում հայտնաբերվել են համացանցային կայքերի, այդ թվում՝ Facebook-ի և YouTube-ի կողմից անօրինական նյութեր տեղադրելու դեպքեր: Այն դեպքում, երբ այդ հարթակները համապատասխան միջոցներ չեն ձեռնարկում, երկիրը նմանատիպ պատժամիջոցներ կարող է կիրառել դրանց նկատմամբ:
«Ռոսկոմնադզոր»-ը Ռուսաստանում մարտի 10-ից սկսել է դանդաղեցնել Twitter-ը՝ սոցիալական ցանցին մեղադրելով արգելված տեղեկատվությունը ջնջելուց հրաժարվելու համար:
Ապրիլի սկզբին դատարանը 8,9 միլիոն ռուբլով տուգանել էր Twitter-ին՝ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ազատազրկման առնչությամբ չհամաձայնեցված բողոքի ակցիաների մասին հաղորդագրությունները չջնջելու համար:
«Ռոսկոմնադզոր»-ի պնդմամբ՝ 2017 թվականից ի վեր սոցիալական ցանցը կարգավորիչի պահանջով չի հեռացրել «անչափահասներին ինքնասպանության դրդող բովանդակությունը, որը պարունակում է մանկական պոռնոգրաֆիա, ինչպես նաև տեղեկություններ թմրանյութերի օգտագործման մասին»:
Ամբողջ ընթացքում «Ռոսկոմնադզոր»-ին Twitter-ին ուղարկել է ավելի քան 28 հազար բողոք, սակայն արգելված տեղեկատվություն պարունակող 3168 նյութ դեռ չի ջնջվել:
Ըստ գործակալության, այս ամենի վերջին վառ օրինակը կարգավորիչի պահանջների ցուցադրական անտեսումն էր 2021 թ. մարտի 3-ին անչափահասներին զանգվածային ինքնասպանության դրդելու կոչերը հեռացնելու առնչությամբ:
«Ռուսաստանի քաղաքացիներին պաշտպանելու և համացանցային ծառայությունը ՌԴ օրենսդրությանը համապատասխանեցնելու նպատակով 2021 թ. մարտի 10-ից ձեռնարկվել են կենտրոնացված պատասխան միջոցառումներ, մասնավորապես ծառայության առաջնային դանդաղեցում»,- հայտնել են գերատեսչությունից և հավելել, որ եթե Twitter-ը շարունակի անտեսել Ռուսաստանի օրենսդրության պահանջները, ապա «ազդեցության միջոցները կշարունակվեն, ինչը կարող է հանգեցնել ընդհուպ մինչև արգելափակման»,- հայտնել էր գործակալությունը: