Զույգերի համար «իրարից հանգստանալու ժամանակահատված» սահմանելուց հետո Չինաստանում ամուսնալուծությունների մակարդակը նվազել է ավելի քան 70%-ով
Չինաստանում ամուսնալուծությունների մակարդակն իջել է ավելի քան 70 տոկոսով այն բանից հետո, երբ երկրում ուժի մեջ է մտել վիճահարույց օրենսդրությունը, որով բաժանվելու վտանգի առաջ կանգնած զույգերի համար «իրարից հանգստանալու ժամանակահատված» է սահմանվում, գրում է The Guardian-ը:
Ըստ քաղաքացիական գործերի նախարարության հրապարակած տվյալների՝ 2021 թվականի առաջին երեք ամիսների ընթացքում գրանցվել է 296 000 ամուսնալուծություն, նախորդ եռամսյակի 1,05 միլիոնի, և նախանցած տարվա նույն ժամանակահատվածի 1,06 միլիոնի համեմատ:
Օրենքը պահանջում է, որ զույգերը, որոնք փոխադարձաբար ցանկանում են ամուսնալուծվել, 30 օր պետք է սպասեն նախքան իրենց մտադրությունը պաշտոնական դարձնելը: Եթե զույգերը դիմում ներկայացնելուց հետո 30-60 օրվա ընթացքում երկու դատական նիստի չեն ներկայանում, նրանց դիմումն ինքնաբերաբար չեղարկվում է:
Միևնույն ժամանակ, «իրարից հանգստանալու ժամանակահատվածը» չի տարածվելու այն ամուսնալուծությունների վրա, որոնք առնչություն ունեն ընտանեկան բռնության հետ:
Հիշեցնենք՝ երկար ժամանակ է, ինչ Չինաստանում ամուսնալուծությունների մակարդակը կայուն աճում էր, իսկ ամուսնությունների մակարդակը նվազում էր՝ երկրում ժողովրդագրական ճգնաժամի և ցածր ծնելիության ֆոնին:
Նշենք՝ օրենքը, որպես երկրի քաղաքացիական օրենսգրքի մի մաս, ուժի մեջ է մտել հունվարի 1-ից: