Ավստրիայի ԱԳՆ-ն պատասխանել է Էրդողանի «անեծքին»` կոչ անելով «կրակին յուղ չլցնել»
Փրփուրը բերանում` Մերձավոր Արևելքում հակամարտությունը չի կարող լուծվել, Թուրքիան պետք է նպաստի իրավիճակի լիցքաթափմանը: Այս մասին հայտարարել է Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդեր Շալլենբերգը` մեկնաբանելով Թուրքիայի նախագահի «անեծքը», գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ անիծում է Ավստրիայի կառավարությանը այն բանից հետո, երբ Ավստրիայի դաշնային գերատեսչություններում բարձրացվել են Իսրայելի դրոշները:
«Փրփուրը բերանին` անհնար է լուծել հակամարտությունը Մերձավոր Արևելքում: ՀԱՄԱՍ-ը ահաբեկչական կազմակերպություն է: Մենք չպետք է թույլ տանք, որ նրանք գործողության օրենք պարտադրեն մեզ», - ասել է Շալլենբերգը:
Ըստ նրա, կառավարությունների, այդ թվում ՝ ավստրիականի դեմ ուղղված նման հարձակումներով, որոնք ահաբեկչության պայմաններում գտնվում են Իսրայելի կողքին, թուրք քաղաքական գործիչները հերթական անգամ ցույց են տալիս «իրավունքի իրենց սարսափելի ըմբռնումը»:
«Կրակին յուղ լցնելու փոխարեն, Թուրքիային շտապ կոչ է արվում նպաստել լիցքաթափմանը»,-հավելել է արտգործնախարարը:
Ավստրիայի արտգործնախարարությունը հայտնում է, որ Էրդողանի խոսքերից հետո Թուրքիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ:
«Նախագահ Էրդողանի այս անհեթեթ հայտարարություններից հետո օրվա առաջին կեսին Թուրքիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Ավստրիայի դիրքորոշումը հստակ փոխանցելու համար»,-տեղեկացրել են նախարարությունից:
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը, անցյալ ուրբաթ Իսրայելի դրոշը բարձրացվել է կանցլերի Դաշնային գրասենյակի տանիքում՝ ի նշան համերաշխության, քանի որ «Իսրայելի դեմ ահաբեկչությունները արժանի են ամենախիստ դատապարտման»: Կանցլերի գրասենյակից հետո Ավստրիայի արտաքին գործերի նախարարությունը նույնպես բարձրացրել է Իսրայելի դրոշը՝ հայտարարելով իր վճռական աջակցությունը Իսրայելի անվտանգությանը:
Այդ պատճառով Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը չեղյալ է հայտարարել ծրագրված այցը Վիեննա, որի ընթացքում նա պետք է հանդիպեր իր ավստրիացի գործընկերոջ հետ և քննարկեր միջուկային գործարքի շուրջ բանակցությունները: Ավելի ուշ Իրանի արտգործնախարարությունը հայտնել է, որ այցը չեղյալ հայտարարելուց հետո Իրանի ու Ավստրիայի երկկողմ հարաբերությունները չեն փոխվի:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում ունեցած ելույթի ժամանակ ասել է, թե անիծում է Ավստրիայի կառավարությանը և երկրի դաշնային կանցլեր Սեբաստիան Կուրցին, որը Իսրայելի դրոշները բարձրացրել է պետական շենքերի վրա:
Պաղեստինցիների և իսրայելցիների միջև անցյալ շաբաթ սկսված բախումների հետևանքով պաղեստինյան կողմում զոհերի թիվը հասել է 212-ի, որոնցից 61-ը երեխա և 34-ը կին, վիրավորվել է մոտ 1500 պաղեստինցի, իսկ իսրայելական կողմում զոհերի թիվը 10-ն է, այդ թվում՝ 2 երեխա։
Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը: Բախումների ընթացքում կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Իսրայելի բանակը հայտարարել Է, որ ոչնչացրել Է ՀԱՄԱՍ-ի հետախուզության հանգուցային դեմքերի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավարին ու նրա տեղակալին: