ԵՄ-ն կփորձի իսրայելցիների և պաղեստինցիների միջև կրակի դադարեցման հասնել
Եվրոպական միությունը փորձում է կրակի դադարեցման հասնել պաղեստինա-իսրայելական հակամարտության շրջանակում։ Այս մասին քննարկումներ կընթանան միության անդամ 27 պետությունների առցանց հանդիպման ընթացքում, հայտնում է Al Jazeera լրատվականը։
«Մենք հանդիպել ենք տեսնելու, թե ինչպես կարող ենք նպաստել բռնության այս շատ վտանգավոր և մտահոգիչ ալիքի կասեցմանը», - ասել է ԵՄ խոսնակ Պիտեր Ստանոն։
ԵՄ-ն Իսրայելի ամենամեծ առևտրային գործընկերն ու միևնույն ժամանակ պաղեստինցիներին մեծ քանակությամբ օգնություն տրամադրող կառույց է, սակայն տրամադրված չէ Իսրայելի նկատմամբ հնարավոր տնտեսական պատժամիջոցներ կիրառելուն։
Պաղեստինա-իսրայելական հակամարտության լուծմանն ուղղված դիվանագիտական ջանքերը շարունակվում են, մինչդեռ զոհերի և վիրավորների թիվն ամեն պահ աճում է։
Գազայում Al Jazeera-ի թղթակից Յումնա ալ Սայյեդն ասել է, որ տեղի Ալ Շիֆա հիվանդանոցում իրավիճակը վատթարանում է։
«Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Գազան պայքարում է բժշկական պարագաների և դեղերի խիստ պակասի դեմ և կամավորներին կոչ է անում արյուն հանձնել», - ասել է թղթակիցը՝ հավելելով, որ հիվանդանոցը նաև հոսանքի և ջրի պակաս ունի։
Պաղեստինցիների և իսրայելցիների միջև անցյալ շաբաթ սկսված բախումների հետևանքով պաղեստինյան կողմում զոհերի թիվը հասել է 212-ի, որոնցից 61-ը` երեխա և 34-ը` կին, վիրավորվել է մոտ 1500 պաղեստինցի, իսկ իսրայելական կողմում զոհերի թիվը 10-ն է, այդ թվում՝ 2 երեխա։
Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը: Իսրայելի բանակը հայտարարել Է, որ ոչնչացրել Է ՀԱՄԱՍ-ի հետախուզության առանցքային դեմքերի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավարին ու նրա տեղակալին։