Իսպանիան հազարավոր անօրինական ներգաղթյալների պատճառով մոբիլիզացրել է բանակը և ոստիկանությունը
Իսպանիան ապօրինի գաղթականների հոսքի պատճառով մոբիլիզացրել է բանակը և ոստիկանությունն Աֆրիկայի հյուսիսային ափին գտնվող ինքնավար Սեուտա քաղաքում, գրում է Reuters-ը:
Գործակալության տվյալներով՝ օրվա կտրվածքով 5000 անօրինական ներգաղթյալ, այդ թվում՝ 1,5 հազար անչափահաս, ծովով ժամանել են Սեուտա, որը համարվում է Իսպանիայի տարածք, ապա փորձել ուղևորվել դեպի Եվրոպա:
Համացանցում տարածում գտած կադրերում երևում են քաղաքի փողոցներում հավաքված բազմաթիվ խմբեր, նրանց բախումները ոստիկանության հետ և անօրինական ներգաղթյալների բազմությունը, որը փորձում է հատել Իսպանիայի սահմանը:
Թագավորության իշխանությունները որոշել են զորահավաք իրականացնել տարածաշրջանում իրավիճակը կարգավորելու համար: Ոստիկանության և քաղաքացիական պահակախմբի ներկայությունը մեծացվել է նաև Սեուտայի փողոցներում: Նշվում է, որ շուրջ 1,5 հազար գաղթական արդեն հետ է ուղարկվել Մարոկկո: Իշխանությունները շեշտել են, որ կշարունակեն ապօրինի ներգաղթյալներին վերադարձնել իրենց հայրենիք, քանի դեռ իրավիճակը չի կայունացել:
Նշենք՝ Սեուտան աֆրիկյան մայրցամաքում գտնվող Իսպանիայի կիսանկլավ է: Այն ունի ինքնավար քաղաքի կարգավիճակ: Իր աշխարհագրական դիրքի ֆոնին Սեուտան հաճախ բախվում է ապօրինի միգրացիայի խնդրին:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: