Պաղեստինը հույս ունի առաջիկա 2-3 օրվա ընթացքում Իսրայելի հետ պայմանավորվել կրակի դադարեցման շուրջ
Մոսկվայում Պաղեստինի դեսպան Աբդուլ Հաֆեզ Նոֆալը lenta.ru լրավականի հետ զրույցում ասել է, որ Պաղեստինը հույս ունի առաջիկա 2-3 օրվա ընթացքում Իսրայելի հետ պայմանավորվել կրակի դադարեցման շուրջ։
Նոֆալն ասել է, որ Պաղեստինի և Իսրայելի միջև բանակցություններում Եգիպտոսը գործում է որպես հիմնական միջնորդ, սակայն մինչ այժմ Իսրայելը մերժել է զինադադարի մասին Կահիրեի առաջարկները։ Ըստ դեսպանի՝ հակամարտությունը սկսվել է Երուսաղեմում իսրայելցիների կողմից Շեյխ Ժարրա թաղամասից պաղեստինցի ընտանիքներին վտարելուց հետո, հետևաբար հենց Իսրայելն էլ կրում է զինադադարի հասնելու պատասխանատվությունը։
«Եթե միջազգային հանրությանը, ի դեմս Եգիպտոսի, հաջողվի կասեցնել Իսրայելի հարձակումները Գազայի հատվածի ուղղությամբ, ապա պաղեստինյան խմբավորումներն անմիջապես կդադարեցնեն իրենց պատասխան գործողությունները», - նշել է Նոֆալը և հավելել, որ, նույիսկ վաղը զինադադարի հասնելու պարագայում, անկլավին միջազգային օգնություն անհրաժեշտ կլինի վնասները վերականգնելու համար։
Պաղեստինցիների և իսրայելցիների միջև անցյալ շաբաթ սկսված բախումների հետևանքով պաղեստինյան կողմում զոհերի թիվը հասել է 212-ի, որոնցից 61-ը` երեխա և 34-ը` կին, վիրավորվել է մոտ 1500 պաղեստինցի, իսկ իսրայելական կողմում զոհերի թիվը 10-ն է, այդ թվում՝ 2 երեխա։
Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը: Իսրայելի բանակը հայտարարել Է, որ ոչնչացրել Է ՀԱՄԱՍ-ի հետախուզության առանցքային դեմքերի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավարին ու նրա տեղակալին: