Առանձին որևէ ուժի հետ դաշինք չի լինելու. հաջողություն գրանցելու արդյունքում կամ բոլորն են համախմբվելու, կամ մենք ոչ մեկի հետ չենք միավորվելու․ Երվանդ Թարվերդյան (տեսանյութ)
Մեր կողմից ստեղծված ուժը խիստ ազգային է և համախմբման միակ ջատագովը։ Ես կրկնում եմ՝ չի լինի դաշինք առանձին որևէ ուժի հետ, հաջողություն գրանցելու արդյունքում կամ բոլորն են համախմբվելու, կամ մենք ոչ մեկի հետ առանձին չենք միավորվելու։ Այս մասին Tert․am-ի հետ զրույցում ասաց «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը՝ անդրադառնալով հարցին՝ պատրաստվո՞ւմ է ընտրություններից հետո դաշինք կազմել Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի հետ։
«Նիկոլ Փաշինյանը, Արթուր Վանեցյանը, Ռոբերտ Քոչարյանը և մյուսները պետք է գիտակցեն, որ պետության փրկությունը համախմբման մեջ է։ Պետք է օգտագործել ոչ միայն Հայաստանում ապրող, այլև աշխարհասփյուռ հայերի ուժը»,- ասաց Թարվերդյանը։
Հստակեցնող հարցին՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի հետ կոալիցիայի պատրա՞ստ է գնալ, Թարվերդյանը նշեց՝ իր համար անձերը ոչինչ չեն նշանակում։
«Ես շեշտել եմ՝ մենք գալիս ենք հաղթելու, մենք ազգայնական ուժերով հիմա համախմբվում ենք և «Միացյալ Հայաստան» դաշինքի մեջ գնում են ԱԺ ընտրությունների։ Դաշինքի ցուցակը գլխավորելու եմ ես։ Մեկ շաբաթ անց կհայտարարենք, թե ովքեր են լինելու այն 121 հոգին, ովքեր ընդգրկված են լինելու «Միացյալ Հայաստան» դաշինքի ցուցակում»,- մանրամասնեց Երվանդ Թարվերդյանը։
Թարվերդյանը չցանկացավ մանրամասնել՝ արդյոք դաշինքի ցուցակում հիմնականում գործարարներ են լինելու և շեշտեց՝ ամեն օր համախմբում է լինում, նոր անուններ են հայտնվում և ցուցակի հորիզոնականներում բոլորը լինելու են ըստ իրենց արժանիքների։
«Մենք լինելու ենք իշխանություն, ստեղծվելու է համազգային կառավարություն։ Մեր ռեսուրսը ազգային ռեսուրսն է։ Մյուսները պայքարում են իրար դեմ, մենք պայքարում ենք հանուն հզոր, միացյալ Հայաստանի։ Մյուսները հայտարարում են, որ տարբեր բևեռներ են և պայքարում են՝ բացառելով մյուսի իշխանության գալը, ցանկանում են լինել մեկը մյուսին արժանի հակառակորդ։ Ելնելով ազգային անհրաժեշտությունից՝ ստեղծվել է նոր ուժ, որ մարդիկ չհարցնեն՝ բա ում ընտրենք։ Մենք ցանկացած կուսակցութունից կխնդրենք, որպեսզի պրոֆեսիոնալները գան, ծառայեն ազգին։ Մենք, որպես համահայկական ուժ, մեր վրա կվերցնենք կառավարման ամբողջ պատասխանատվությունը»։
Խոսելով բիզնեսի և պետության կառավարման ընդհանուր սկզբունքների և դրանք ապագայում կիրառելու հնարավորությունների մասին՝ Թարվերդյանը նշեց, որ բիզնեսի հիմնական սկզբունքը՝ օգուտ ստանալ ցանկացած բանից, դա պետության կառավարման համար չէ։ «Ես արդեն երեք ամիս է՝ բիզնեսով չեմ զբաղվում։ Լինելով հաջողակ գործարար՝ ես զբաղվում եմ քաղաքականությամբ, քանի որ պատերազմից հետո ես գաղափարապես փոխվել եմ։ Առիթը եղավ այն, որ մարդը, ով չգիտի կոկորդիլոսը կենդանի է, թե թռչուն, նշանակվում է բարձրագույն պաշտոնի։ Կառարարման մոդելի մեջ, որը մենք ներկայացնում ենք, բացառվում է ընկերական սկզբունքը։ Ով այսօր կարող է ծառայել մեր պետությանը, պարտավոր է մասնակցել ուժեղ Հայաստանի կազմավորման գործընթացին»,- ընդգծեց Երվանդ Թարվերդյանը։